չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Անձի որոշումն է՝ պատվաստվի՞, թե՞ ՊՇՌ թեստ հանձնի, ինքը պետք է վճարի դրա համար. ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ

Անձի որոշումն է՝ պատվաստվի՞, թե՞ ՊՇՌ թեստ հանձնի, ինքը պետք է վճարի դրա համար. ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով` հոկտեմբերի 1-ից այն աշխատող քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. բացառություն են բացարձակ հակացուցում ունեցողներն ու հղիները։

Թե ովքեր են բացարձակ հակացուցում ունեցողները, NEWS.am-ին պարզաբանում է «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը. «Բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից ծանր ալերգաբանական ռեակցիան է, երբ տվյալ անձը հաջորդ դեղաչափի համար ունի հակացուցում»։

«Համար մեկ փաստաբանական գրասենյակ»-ի փաստաբան Նաիրա Արտաշեսյանըն Առողջապահության նախարարի հրամանը Սահմանադրությանը հակասող է համարում։

«Սահմանադրության համաձայն՝ մարդուն իր կամքին հակառակ բժշկական փորձերի ենթարկելը արգելվում է, իսկ նախարարի հրամանը նորմատիվ իրավական ակտ է, որն իրավական առումով աստիճանակարգման ենթակա է, իսկ Սահմանադրությունը ունի բարձրագույն իրավական ուժ եւ գործում է անմիջականորեն, հետեւաբար, նախարարի հրամանում ամրագրված նորմը չի կարող հակասել Սահմանադրությանը: Անձի համար ստեղծել անբարենպաստ պայմաններ եւ ստիպել պատվաստվել՝ հակասում է Սահմանադրությանը»,– ասաց փաստաբանը։

Մինչդեռ Առողջապահության նախարարը պնդում է՝ իր հրամանում հակասահմանադրական ոչինչ չկա։

«Ամեն ինչ արվում է Սահմանադրության եւ ՀՀ օրենքների շրջանակներում»,- կառավարությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կորոնավիրուսի պատվաստման արտոնագիր ներկայացնելու կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ բացասականի թեստի արդյունք ներկայացնելու պահանջը ոչ միայն պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողներին է վերաբերում, այլեւ մասնավոր սեկտորին։ Օրինակ՝ փակ արտադրական տարածքների, գրասենյակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների, շինարարական հրապարակների, առեւտրի իրականացման վայրերի, մեծածախ եւ մանրածախ առեւտրի օբյեկտների եւ այլ կենտրոնների աշխատողներին։

Քաղաքացիները ՊՇՌ թեստ են հանձնելու իրենց հաշվին, սա այն դեպքում, երբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվումը կատարվում է անվճար՝ պետության հաշվին։ Ինչո՞ւ քաղաքացին պետք է իր գրպանից ամսական միջինը 30 000 դրամ վճարի թեստավորվելու համար։

«Սահմանադրության առաջին հոդվածն ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է։ Ինչպես պատվաստումն է իրականցվում անվճար, նույն տրամաբանությամբ էլ պետք է ՊՇՌ թեստը իրականացվի անվճար»,- ասաց փաստաբան Նաիրա Արտաշեսյանը։

Ըստ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանի՝ ՊՇՌ թեստի հանձնումը քաղաքացիների համար այլընտրանք է, եթե նրանք հրաժարվում են պատվաստվելուց։

«Եթե պետությունն անվճար առաջարկում է պաշտպանիչ, կանխարգելիչ միջոց, բնակչի իրավունքն է ընտրել՝ պատվաստվելո՞վ պաշտպանել իրեն ու իր շրջապատին, թե՞ ՊՇՌ հետազոտություն հանձնել, դա իր որոշումն է, եւ ինքը պետք է վճարի այդ հետազոտության համար»,- նշեց Սվետլանա Գրիգորյանը։

Այն աշխատող քաղաքացին, որը չի ցանկանում պատվաստվել, ըստ նրա, պետության համար ռիսկ է ներկայացնում. «Այդ անձը պետության համար բեռ է դառնում, որովհետեւ ինքը չպատվաստվելով կհիվանդանա, պետությունն իր վրա կվերցնի բուժման ծախսերը, նա շրջապատի համար կարող է վտանգ ներկայացնել եւ վարակը տարածել, այսինքն՝ ինքը կրկնակի ռիսկ է ներկայացնում պետության համար»։

Միաժամանակ, արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի փոփոխությունների նախագիծ, որով սահմանվում է, որ եթե հանրային պաշտոն զբաղեցնողը կամ ծառայողը ներկայանա աշխատանքի առանց համապատասխան փաստաթղթերի, ապա ղեկավարը իրավունք ունի նրան չթույլատրել աշխատանքի ներկայանալ ու նրան չվարձատրել։ Եթե այդ իրավիճակը տեւում է 30 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 50 օր անձը չի կատարում իր աշխատանքային պարտականությունները, ապա գործատուն իրավունք ունի նրան աշխատանքից ազատել։

«Սա անօրինական է, քանի որ աշխատողին կարող են աշխատանքից հեռացնել միայն Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկով»,- ասաց փաստաբանը։

Նախագծով բացառություն է սահմանվում որոշ հանրային ծառայողների վրա, օրինակ՝ նախագահի, վարչապետի, պատգամավորների, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, ՄԻՊ–ի, գլխավոր դատախազի, դատավորների եւ այլ աշխատողների դեպքում։

«Նույն տրաբամաբանությամբ այս ոլորտում գործունեություն իրականացնող անձինք նույնպես հանրային ծառայության գործառույթներ են իրականացնում, եւ իրենց սպեկտրը ավելի լայն է, քան մյուսներինը։ Այն հիմքը, որ իրենք բարձր պաշտոն են ստանձնում եւ չպետք է պատվաստվեն կամ ՊՇՌ թեստ հանձնեն, հակասում է Սահմանադրության 28 եւ 29–րդ հոդվածներին: Մասնավորապես, Սահմանադրության 28-րդ հոդվածը նշում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, իսկ 29-րդ հոդվածը սահմանում է, որ խտրականությունը կախված սեռից, ռասայից ու այլ հանգամանքներից արգելվում է»,- ասաց փաստաբանը։

Եթե այս նախագիծն օրենքի ուժ ստանա, կառնչվի միայն հանրային ծառայողներին, թե ինչ է սպասվում մասնավոր սեկտորին, դեռ պարզ չէ։

ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչ կլինի այն դեպքում, եթե քաղաքացին ընդդիմանա՝ չպատվաստվի եւ ամսական երկու անգամ չներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

«Այդ դեպքում գործատուն պետք է ունենա ներքին կանոնակարգի համաձայն մշակված սանիտարական նորմեր եւ այդ կանոնակարգին չենթարկվելը կունենա որոշակի իրավական կամ վարչական հետեւանքներ»,- նշեց Գրիգորյանը։

 

  • Կիսվել: