շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ջրծաղկի դեմ պատվաստումները ներառվել են ազգային օրացույցում. դրանք կիրականացվեն 2024թ–ից

Ջրծաղկի դեմ պատվաստումները ներառվել են ազգային օրացույցում. դրանք կիրականացվեն 2024թ–ից

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 23-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում կատարել համապատասխան փոփոխություններ և ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում (2024-ից), COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ շարունակվում է COVID-19 վիրուսի մուտացիոն գործընթացը, որի արդյունքում բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։

Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում:

Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, որոնց թվաքանակը վերջին տարիներին աճման միտումներ է դրսևորում, մասնավորապես՝ ըստ վարչական վիճակագրական կոմիտեի ժողովրդագրական տվյալների բազայի տեղեկատվության, 2019 թվականին 15 տարեկան տղաների թիվը եղել է 19054, իսկ 16 տարեկաններինը՝ 17398, 2023 թվականի հունվարի դրությամբ 15 տարեկանների թիվը եղել է 21037, իսկ 16 տարեկաններինը՝ 20158: Հետևաբար, առաջարկվում է կատարելու համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումների իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Հարկ է նշել նաև, որ Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսված է վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստման ենթակա երկու տարիքային խումբ՝ 15-16 տարեկան, 2 դեղաչափ սխեմայով, սակայն փաստացի պատվաստումներն իրականացվում են մեկ տարիքային խումբ ընդգրկելով՝ պայմանավորված առկա ենթակա քանակակազմով և պատվաստանյութի քանակով:

Այս փոփոխությունը հնարավորություն կտա վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներում ընդգրկել երկու տարիքային խումբը միաժամանակ համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:

 

  • Կիսվել: