կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը

Դանիան ԵՄ-ին առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը

Դանիան Եվրամիության երկրներին առաջարկել է կասեցնել Ռուսաստանի քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը և Շենգենյան գոտու ողջ տարածքում դադարեցնել ռուսական ոչ կենսաչափական անձնագրերի ճանաչումը, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ Կոպենհագենը ԵՄ-ին կոչ է արել ձեռնարկել «կոնկրետ քայլեր», որոնք Ռուսաստանի հետ դիմակայությունում ցույց կտան Եվրոպայի ուժն ու վճռականությունը։

Առաջարկները շարադրված են նոյեմբերի 20-ի երեկոյան եվրոպական կառավարություններին ուղարկված ուղերձում։ Դանիան մտադիր է նախաձեռնությունները ներկայացնել նոյեմբերի 23-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ դեսպանների հանդիպմանը։

Հաղորդվում է նաև, որ Կոպենհագենն առաջարկում է նաև ավելի լայնորեն կիրառել վիզաներ, որոնք տեղաշարժի իրավունք են տալիս միայն դրանք տրամադրած երկրի տարածքում, ինչպես նաև խստացնել ռուսաստանցի գործող և նախկին զինծառայողների մուտքի կանոնները։ Դանիան հանդես է գալիս գործող ազգային սահմանափակումների փոխարեն միասնական համաեվրոպական մոտեցում որդեգրելու օգտին։

Նախաձեռնությունը հաջորդել է Դանիայի իշխանությունների՝ ուկրաինացի-ամերիկացի ռեփեր Kyivstoner-ի դեմ ենթադրյալ մահափորձը կանխելու մասին հայտարարությանը։ Ըստ Դանիայի հատուկ ծառայությունների՝ մահափորձը նախապատրաստվում էր ռուսական հետախուզության հանձնարարությամբ։ Կոպենհագենը տեղի ունեցածն անընդունելի է անվանել և հայտարարել Ռուսաստանի ռազմական կցորդի արտաքսման մասին։

Իր հերթին Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ մեղադրանքները հիմնավորված չեն ապացույցներով։

 

  • Կիսվել: