երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային զոհերից. Վուչիչ

Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային զոհերից. Վուչիչ

Բելգրադում գիշերային անկարգությունների ժամանակ միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային զոհերից: Այս մասին այսօր, ելույթ ունենալով ՆԳ նախարար Իվիցա Դաչիչի և ոստիկանության տնօրեն Դրագան Վասիլևիչի հետ, իր ուղերձում ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

«Ես երջանիկ եմ, որ զոհեր չեն եղել։ Դրագանը և ես ամբողջ գիշեր արթուն ենք մնացել՝ վախենալով վատագույնից։ Սա իսկական հրաշք է։ Սա Սերբիայի պատմության մեջ առաջին հավաքն է, որին մարդկանց կանչել են հանուն բռնության։ Յուրաքանչյուր մասնակից՝ լինի չափահաս, թե ոչ, պատասխանատվություն է կրելու»,-ասել է նա։

Ըստ Վուչիչի՝ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների կյանքը վտանգի տակ է հայտնվել ընդդիմության գործողությունների պատճառով: Նա ընդգծել է, որ «Սերբիան հաղթել է»:

ՆԳՆ տվյալներով՝ բախումների հետևանքով տուժել է 48 ոստիկան, ձերբակալվել է 77 մարդ: Հիվանդանոցներ է դիմել 22 մարդ, երկուսը՝ ծանր վնասվածքներով։ Կիրակի առավոտյան իրավիճակը քաղաքում կայունացել է, կոմունալ ծառայությունները վերացրել են անկարգությունների հետևանքները:

Ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիան հավաքել է մոտ 36 հազար մարդ։ Ակցիայի ընթացքում մասնակիցները ճայթուկներ և այլ առարկաներ են նետել ոստիկանական պատնեշի վրա, ուժայինները արցունքաբեր գազ և մահակներ են կիրառել: Ոստիկանությունը պարզաբանել է, որ ֆիզիկական ուժ է կիրառվել այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ճեղքել շղթան։
Խորհրդարանի խոսնակ և նախկին վարչապետ Աննա Բաբիչը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցները «կոչ են արել ոչնչացնել Սերբիան քաղաքացիական պատերազմի միջոցով»:

Այս ընթացքում Սերբիայի նախագահ Վուչիչը վատ է զգացել, նա ընդհատել է ուղևորությունը ԱՄՆ:

Նշենք, որ անկարգությունները սկսվել էին հունիսի 25-ին ցուցարարների ներկայացրած վերջնագրի ավարտից հետո. նրանք պահանջում էին հայտարարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը և հեռացնել իշխանության կողմնակիցների վրանային ճամբարը խորհրդարանի շենքի մոտ:

Հավելենք, որ ակցիաները շարունակվում են անցյալ տարվա նոյեմբերից, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզման հետևանքով 16 մարդ զոհվեց:

Անցյալ ամիս ցուցարարները սկսեցին պահանջել վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Նախագահ Ալեքսանդր Վուչիչի կուսակցությունը մեծամասնություն ունի ներկայիս խորհրդարանում. նա նախկինում հայտարարել էր, որ հաջորդ ընտրությունները կանցկացվեն ժամանակին, այսինքն՝ 2026 թվականի վերջին:Ցուցարարները պահանջել են, որ Վուչիչը համաձայնի վաղաժամկետ ընտրությունների, սակայն նա նախապես մերժել է նրանց պահանջը. «Ուլտիմատումը չի ընդունվել»:

  • Կիսվել: