չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում․ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Washington post-ին

Փելոսիի այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում․ Արմեն Գրիգորյանի հարցազրույցը Washington post-ին

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիլիթ Մակունցը խոսել են «Վաշինգտոն փոստ» ամերիկյան օրաթերթի սյունակագիր, լրագրող Դեյվիդ Իգնեյշըսի հետ՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև հայ-ադրբեջանական վերջին սրացումներին։

Լրագրողը նախ  անդրադարձել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և  Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը՝ նշելով, որ այն տեղի է ունեցել Պետդեպարտամենտի Կովկասի տարածաշրջանի ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի միջնորդական ջանքերի արդյունքում:

Վաշինգտոնում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի խոսքով, Սպիտակ տանը կայացած հանդիպումը պատրաստեց «ճանապարհային քարտեզ» երկու երկրների միջև հետագա խաղաղ բանակցությունների համար։ Մակունցը նշել էր, որ հաջորդ քայլը կլինի հոկտեմբերի սկզբին Ժնևում երկու երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին կմիանան Ռիկերը և Եվրամիության դիվանագետը: «Բանակցությունները ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության վկայություն էին»,- ասել է Մակունցը։

Թերթին տված հարցազրույցում՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը բացատրել է  Վաշինգտոն իր այցի նպատակը. «Ես այստեղ եմ՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել հայ-ամերիկյան հարաբերությունները: Պոտենցիալ համագործակցության ոլորտները ներառում են անվտանգությունը, էներգետիկան, դիվանագիտությունը և տնտեսական հարաբերությունները, ասել է նա։ Հարաբերությունների հիմքը կլինի «ժողովրդավարությունն ամրապնդող ժողովրդավարությունը»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Հոդվածագիրը նշում է, որ դեռ պարզ չէ, թե արդյոք հայ-ամերիկյան ընդլայնվող հարաբերությունները կտարածվեն ռազմական համագործակցության վրա: «Հայաստանի պաշտպանության նախարարը սեպտեմբերին այցելել է Պենտագոն։ Հայաստանին անհրաժեշտ է ավելի լավ պատրաստվածություն և տեխնիկա իր զինուժի համար, որոնք մեծ կորուստ ունեցան Ադրբեջանի հետ վերջին պատերազմում: Բայց ԱՄՆ ռազմական օգնության տեսանելի նշան չկա»,- գրում է Իգնեյշըսը։

Նա նաև խոսել է Նենսի Փելոսիի այցի մասին՝ նշելով, որ հայ-ամերիկյան հարաբերությունների բարելավման կատալիզատորը սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցն էր Երևան՝ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո: Այս առիթով Գրիգորյանը նշել է, որ Փելոսիի այցը դադարեցրեց հետագա սրացումը։ «Այս այցը հույս է տալիս, որ Հայաստանը միայնակ չէ իր պայքարում»,- ասել է նա։

Եզրափակելով հոդվածը՝ լրագրողը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարբերություններին, նշելով, որ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների խորքային հարցում կա փոփոխությունների որոշակի շող։

«Անկարան շարունակում է ժխտել 1915 թվականի օսմանյան ցեղասպանությունը՝ հայոց պատմության ամենամութ իրադարձությունը։ Սակայն Գրիգորյանն ասել է, որ Անկարայի հետ «նորմալացման» քննարկումը սկսվել է, և երկու երկրների ղեկավարները սկզբունքորեն համաձայնել են բացել իրենց սահմանները տարանցման համար՝ սկզբում երրորդ երկրների քաղաքացիների համար»,- գրում է հեղինակը։

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ»,- սահմանի բացման մասին ասել է Գրիգորյանը։ Բայց, ինչպես միշտ, նման դիվանագիտական խաղերում, սատանան մանրուքների մեջ է:

  • Կիսվել: