կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մի կողմ թողնենք, որ քաղաքական գործչին, պետական բարձր պաշտոն զբաղեցրած մարդուն վայել չէ ասելիքը ձեւակերպել փողոցայի լեզվով. Վահրամ Աթանեսյանը պատասխանել է Աշոտյանին

Մի կողմ թողնենք, որ քաղաքական գործչին, պետական բարձր պաշտոն զբաղեցրած մարդուն վայել չէ ասելիքը ձեւակերպել փողոցայի լեզվով. Վահրամ Աթանեսյանը պատասխանել է Աշոտյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, չգիտես ինչու՞, թիրախավորել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. «Երբ Սերժ Սարգսյանը, որպես ՀՀ նախագահ բանակցում էր փոխզիջումային փաթեթ՝ տարածքներ կարգավիճակի դիմաց սկզբունքով, դու ծակ-հայրենասիրական ելույթներ էիր ունենում ու հետո գլուխ գովում, որ դեմ ես արտահայտվել»,- գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը` մեջբերելով Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը:

«Մի կողմ թողնենք, որ քաղաքական գործչին, պետական բարձր պաշտոն զբաղեցրած մարդուն (Աշոտյանը երկար տարիներ զբաղեցրել է Կրթության և գիտության նախարարի պաշտոնը, խմբ.) վայել չէ ասելիքը ձեւակերպել փողոցայի լեզվով եւ ուշադրություն դարձնենք ,,տարածքներ կարգավիճակի դիմաց փոխզիջումային փաթեթի,, մասին նրա պնդմանը, որի ձախողման մեղքը փորձ է արվում բարդել Արցախի նախագահի վրա: Նախ, երբ ապրիլյան քառօրյայից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Ստեփանակերտում քննարկումներ էր անցկացնում, Արայիկ Հարությունյանը քաղաքական որոշում ընդունող չէր: Արցախի նախագահը Բակո Սահակյանն էր, ով կարող էր պաշտոնանկ անել ,,կարգավորումը տապալող,, վարչապետ Արայիկ Հարությունյանին եւ իր թիմով սատարել Հայաստանի նախագահին: Երկրորդ, Արմեն Աշոտյանը, մեղմ ասած, ցանկալին իրականության տեղ է ներկայացնում, երբ ասում է, որ Սերժ Սարգսյանը բանակցել է ,,տարածքներ կարգավիճակի դիմաց փոխզիջումային սկզբունքով,,:

Բանակցություններում հայկական կողմի առավելագույն նշաձողը եղել է ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով հանրաքվեի եւ դրա անցկացման ժամկետի ամրագրումը: Եւ փաթեթի մասին խոսք չի եղել: Արմեն Աշոտյանը, վստահ եմ, քաջատեղյակ է բանակցությունների մանրամասնություններին: Այդուհանդերձ, նրան հիշեցնեմ, որ 2014թ. նոյեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26 նստավայրում ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը եւ պատմել նույն տարվա սեպտեմբերին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ բանակցությունների մասին:

Նախագահ Սարգսյանը մեզ ասել է, որ համաձայնության չեն եկել ԼՂ վերջնական կարգավիճակի հանրաքվեի ժամկետների հարցում: Կրկնում եմ՝ ոչ թե կարգավիճակի, այլ՝ կարգավիճակի որոշման հանրաքվեի անցկացման ժամկետների հարցում: Երեւում է, Արմեն Աշոտյանը գայթակղություն ունի կարծելու, թե Արցախում ոչ ոք ոչնչից տեղյակ չէ: Այդպես չէ, Արցախում շատ բան գիտեն եւ եթե լռել ու շարունակում են լռել, ապա դրանից չի հետեւում, թե Արմեն Աշոտյանը կարող է ,,թքել,, երբեւէ կիսած մի կտոր հացի վրա: Թե ով է տապալել ԼՂ կարգավորման Սերժ Սարգսյանի ծրագիրը, Արմեն Աշոտյանը թող որոնի Երեւանում»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: