հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մի տարեք Հայաստանը փորձության. բաց նամակ Սամվել Շահրամանյանին

Մի տարեք Հայաստանը փորձության. բաց նամակ Սամվել Շահրամանյանին

Արցախի խորհրդարանի արտաքին հարցերով մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը բաց նամակով դիմել է Սամվել Շահրամանյանին:

Նամակում մասնավորապես ասվում է. «Երկու անգամ փորձել եմ Երեւանում հանդիպել եւ որոշ նկատառումներ ներկայացնել: Պատասխանը մի քանի ամիս ձգվող լռությունն է:
Այս տողերը չէի գրի, եթե պատահաբար չհանդիպեի մի տեսագրության, որտեղ ելույթ ունեցողը բռնագաղթված հայրենակիցներին վստահեցնում է «նախագահի հետ ունեցած» իր քննարկումների տպավորության մեջ. «Գործը գնում է»:

Ինչի՞ մասին է խոսքը, նա բացահայտում է կոչով. «Պայքար լինելու է հրապարակում, այս իշխանությունները պետք է հեռանան»:
Կարելի էր այդ հայտարարությունն էլ անուշադրության մատնել, եթե նա «հրապարակի պայքարի հաջողությունը» չպայմանավորեր ԼՂՀ իշխանությունների շուրջ համախմբվածությամբ եւ Հայաստանի կառավարության սոցիալական ծրագրերի բոյկոտով: Նա բռնատեղահանվածներին հորդորում է «չխաբվել»:

Այսինքն, չհամագործակցել Հայաստանի իշխանության մարմինների, կառույցների եւ պետական պաշտոնյաների հետ, ափսոսանք հայտնում, որ Կոտայքի մարզպետին «ինչ-որ տեղ հաջողվել է բռնատեղահանվածներին համոզել»:

Նա, այսպիսով, հանդես է գալիս որպես ԼՂՀ իշխանության տեսակետը, պատկերացումները բռնատեղահանվածներին հասցնելու լիազորությամբ օժտված անձնավորություն: Նա բավական փորձառու մարդ է, որպեսզի իրեն թույլ չտա զբաղվել ինքնագործունեությամբ:
Եւ անհանգստացնող է, որ նման տեսլական՝ դուրս գալ հրապարակ, հեռացնել Հայաստանի գործող իշխանություններին, ընտրել հայրենասեր վարչապետ,- գեներացվում է նաեւ սոցիալական մեդիայում:

Պետք չէ մասնագետ-քաղտեխնոլոգ լինել՝ նկատելու համար, որ սոցիալական ցանցերում ստեղծվել են խմբեր, որ ուղղորդվում են նույն կամ նման կենտրոններից: Այդ գրառումները, որքան էլ դրանց հեղինակները հանրային վստահություն չունենան, մարդկանց հոգում նստվածք, այնուամենայնիվ, թողնում են:

Դա չափազանց վտանգավոր, առաջին հայացքից՝ զուտ էմոցիոնալ «խառնուրդ» է, բայց հեղափոխական հայտնի արտահայտություն կա, չէ՞՝ կայծից բոց կբռկվի:

Ու՞մ ցանկությունն է, որ բռնագաղթվածների սոցիալ-կենցաղային խնդիրների «խառնուրդը» Երեւանի կենտրոնում «պայթի»:
Ու՞մ է դա ձեռնտու: Վերագրումներից եւ անգամ ենթադրություններից ձեռնպահ եմ մնում: Բայց գոյություն ունի քաղաքական, ինչու չէ՝ նաեւ բարոյական պատասխանատվություն: Այս դեպքում «անմեղության» կամ «անմեղսունակության կանխավարկածը» չպետք է գործի:
Երբ նախագահի հետ հանդիպումներից հավաստիացում է հրապարակայնացվում, որ նախապատրաստական գործընթաց կա, հարմար պահի բռնատեղահանվածները պետք է հրապարակ դուրս գան, եւ հերքում կամ գոնե մեկնաբանություն չի հետեւում, ապա մնում է ենթադրել, որ արված հայտարարությունը գոնե ընդհանուր առումով մոտ է իրականությանը:

Բռնատեղահանվածների հրապարակ մտնելը գործնական ոչ մի արդյունք չի ունենա, բացի մեկից՝ կխորացնի մեր բոլորի հանդեպ Հայաստանի հանրության անվստահությունը: Գործող իշխանությունը ստացել է Հայաստանի քաղաքացու վստահության քվեն: Այդ քաղաքացին է իրավասու նրան «այո» կամ «ոչ» ասել: Ինչ-որ նախաձեռնություն ծրագրելուց առաջ փորձեք պարզել՝ իսկ բռնատեցահանվածներն Արցախի իշխանությանը եւ նրա ներկայացուցիչներին վստահու՞մ են, լիազորու՞մ են հանդես գալու իրենց անունից:

Եթե հանդիպում ստացվեր, այս վերջին միտքն էի ասելու: Հուսամ՝ հասկանալի արտահայտվեցի:

Վահրամ Աթանեսյան»:

  • Կիսվել: