շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արցախի նախագահը ողջունել է միջազգային առաջատար ԶԼՄ-ների շարունակական ակտիվ անդրադարձը լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին

Արցախի նախագահը ողջունել է միջազգային առաջատար ԶԼՄ-ների շարունակական ակտիվ անդրադարձը լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ողջունել է միջազգային առաջատար լրատվամիջոցների շարունակական ակտիվ անդրադարձը լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:

«Միջազգային ԶԼՄ-ները իրենց նյութերում արծարծում են ինչպես Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը և գնահատականները, վաղը կայանալիք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այս իրավիճակի քննարկումը, այնպես էլ ներկայացնում են Արցախի իշխանությունների և հանրության կողմից տրված փաստերն ու տեսակետները: Այսօր հեղինակավոր «Financial Times» լրատվականը ևս անդրադարձել է պաշարված Արցախի 120,000 բնակչության խնդիրներին, ինչպես նաև իրավիճակի հնարավոր զարգացումներին:

Իմ խոսքերից լրատվամիջոցը մեջբերել է մի հատված. «շրջափակումը հանգեցրել է սննդի պակասի, քանի որ սննդամթերքի 90 տոկոսը սովորաբար ներմուծվում էր Հայաստանից։ Վառելիքի մեծածավալ պակաս կա: Առողջապահությունը և այլ անհրաժեշտ ծառայությունները մեծ դժվարությամբ են աշխատում։ Դեղորայքը սպառվել է՝ վտանգի տակ դնելով մարդկանց կյանքը»: Անդրադառնալով Հայաստանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ հայտարարություններին՝ նյութում ներկայացվել է իմ կոչը ՀՀ իշխանություններին՝ չգնալ այդ քայլին՝ ընդգծելով մեր ինքնորոշման իրավունքը:

Մենք, մեր գործընկերներն ու բարեկամները շարունակում ենք հետևողական ջանքերը՝ բարձրացնելու իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության մակարդակը և ճնշումն Ադրբեջանի հանդեպ՝ ցեղասպանության հետագա ընթացքի կասեցման նպատակով», - գրել է ԱՀ նախագահը ֆեյսբուքյան իր էջում։

  • Կիսվել: