ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ԼՀԿ-ն ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց․ Մարուքյան

Եթե ԼՀԿ-ն ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց․ Մարուքյան

Մենք համագործակցում ենք այն ուժերի հետ, որոնց հետ միասնական օրակարգ ունենք և երբ մեր օրակարգերը համընկնում են։ Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա նշեց, որ մինչ այժմ ԼՀԿ-ի օրակարգը համընկել է ԲՀԿ-ի օրակարգի հետ սահմանադրական դատարան դիմելու, կորոնավիրուսի դեմ կառավարության պայքարի արդյունավետությունն ուսումնասիրելու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու հացերի հետ կապված։

«Մնացած մասով յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և ես կարծում եմ՝ էդտեղ որևէ նոր բան չկա, երբ ընդդիմադիր որևէ ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում։ Տեղի կունենա հանրահավաք, և բոլորս կտեսնենք՝ ինչ կոչեր են հնչում և որն է օրակարգը», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Եթե հրապարակի հարթակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, կմիանա՞ այդ պահանջին «Լուսավոր Հայաստանը» հարցին Մարուքյանը պատասխանեց․ «Եթե «Լուսավոր Հայաստանը» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենտի գործընթաց։ ԼՀԿ-ն խորհրդարանական ուժ է և նրա ձեռքին են գտնվում խորհրդարանական կանոնակարգի մեխանիզմները։ «Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը։ ԼՀԿ-ն ինքն է որոշում՝ ինչ հայտարարել»։

  • Կիսվել: