48 զոհ՝ խաղաղ բնակիչների շրջանում. Մալիում զինյալների հարձակման հետևանքները
Մալիի Մենակա շրջանում «Սահելի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հարձակման հետևանքով առնվազն 48 խաղաղ բնակիչ է զոհվել, հայտնել է երկրի Անցումային ազգային խորհրդի անդամ Մուսա Ագ Աշարաթումանը, տեղեկացնում է Associated Press-ը:
Նշվում է, որ նրա տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի գիշերը։ Զոհերի թվում կան երեխաներ և տարեցներ։ Զինյալները տեղի բնակիչներին մեղադրել են Մալիի բանակին իրենց դիրքերի տեղակայման մասին տեղեկություններ փոխանցելու համար։ Կառավարական ուժերն այդ դիրքերին հարվածներ էին հասցրել անօդաչու թռչող սարքերով։
Հաղորդվում է նաև, որ հարձակման է ենթարկվել Տագադայաթ բնակավայրը՝ Նիգերի հետ սահմանի մոտ։ Զինված անձինք մոտոցիկլետներով ժամանել են բնակավայր և կրակ բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Հարձակումը բնակչության զանգվածային փախուստի պատճառ է դարձել․ մարդիկ հեռացել են շրջանի վարչական կենտրոն՝ Մենակա քաղաք։
Հիշեցնենք, որ Մալիի բանակը հոկտեմբերի 19-ին հայտնել էր Մենակայից 65 կմ հարավ-արևմուտք գտնվող զինյալների խոշոր բազայի հայտնաբերման և ոչնչացման մասին։ Զինվորականների տվյալներով՝ այնտեղ եղել են զինյալներ, զենք և նյութատեխնիկական միջոցներ։
«Սահելի իսլամական պետություն» խմբավորումը դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։



