Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը. Մարուքյան
Երեկ Վաշինգթոնում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ. այս ձևաչափով վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2023թ. հուլիսին, որից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի։ 100 հազարից ավել մարդու գրեթե 9 ամիս բլոկադայի մեջ պահելուց հետո, կազմակերպվեց էթնիկ զտում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան»-ի նախագահ, հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ամենից հետո Ադրբեջանը հրաժարվել է բանակցել արևմտյան հարթակներում և մերժել է բոլոր հանդիպումները՝ Վաշինգթոնում, Բրյուսելում, Գրանադայում և այլն:
Հուսով եմ՝ մեր պատվիրակությունը ԱՄՆ պետքարտուղարի ներկայությամբ բարձրացրել է հետևյալ հարցերը և հետևողական ստացել դրանց պատասխանները:
Ադրբեջանի կողմից որևէ պայնանավորվածություն չի պահպանվում, մասնավորապես.
Մինչ օրս Ադրբեջանը, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին և միջազգային հանրությունը լուռ հետևում է, թե ինչպես են բացի ռազմագերիները նաև Ադրբեջանի բանտերում պահվում և խոշտանգվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ճանաչված, ԱՄՆ Ֆրիդըմ Հաուս միջազգային կազմակերպության կողմից մասամբ ազատ կազմավորում ղեկավարած ԼՂ ղեկավարները (Ադրբեջանը նույն կառույցի կողմից ճանաչված է որպես անազատ երկիր)։ Երկար տարիներ հենց նրանց հետ են հանդիպել և բանակցել ԱՄՆ, Ֆրանսիայի և ՌԴ-ի համանախագահները,
ԼՂ բնակչության դեմ ռազմական ուժ կիրառելու և էթնիկ զտման ենթարկելու և ԱՄՆ կողմից դա հանդուրժելու փաստը,
Պրահայում պայմանավորված Ալմա Աթայի հռչակագրով փոխադարձ ճանաչումը,
Ալմա Աթայի հռչակագրով կոնկրետ քարտեզ որպես հիմք ընդունելը և սահնանազատում սկսելը,
սահնանազատման անվան տակ հայկական կողմից ստանալ զորքերի հետքաշում, իսկ ադրբեջանական կողմից որևէ միլիմետր չազատել Հայաստանի օկուպացված տարածքներից,
պայմանավորվել, որ մինչև 2024թ. հուլիսի 1 սահնանազատման հանձնաժողովների կանոնակարգը պետք է հաստատվի Ալմա Աթայի հռչակագրի հղումով, և տարածքները ստանալուց հետո՝ հրաժարվել կանոնակարգը հաստատել,
պայմանավորվածությունները չի պահպանում նաև Թուրքիան. չնայած անցյալ տարվա պայմանավորվածությանը Հայաստան - Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար մինչ օրս չի բացվել։ Սա ենթադրում է, որ
Հայաստանը շարունակում է մնալ շրջափակված, քանի որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են հակադրվել ապաշրջափակմանը»: