Ուկրաինան պետք է շահագրգռված լինի համաձայնագիր կնքելու հարցում՝ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար, հակառակ դեպքում իրավիճակը գնալով ավելի կվատթարանա։ Այս մասին Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինան պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը։ Զելենսկին պետք է ցանկանա կարգավորել այս պատերազմը, և եթե նա դա չի ուզում, կարծում եմ՝ դա շատ վատ հետևանքներ կունենա։ Մենք Ուկրաինային հսկայական օգնություն ենք տրամադրել։ Փոխարենը ոչինչ չենք ստացել, բացի մեծ քանակությամբ դիզելային վառելիքից»:

Մեկնաբանելով ուկրաինական բնակավայրերի ռուսական գնդակոծությունները և խաղաղ բնակիչների զոհվելը՝ Թրամփը հայտարարել է, որ հակամարտության զոհերի մեծ մասը, հիմնականում, զինծառայողներ են. «Քաղաքում, որը ենթարկվել է հարվածի կամ նման մի բանի, զոհվում են ինչ-որ մարդիկ, բայց հիմնականում՝ զինվորականներ»։

Նա նաև հավելել է. «Ուկրաինան պետք է ցանկանա համաձայնագիր կնքել, քանի որ Միացյալ Նահանգները մի ամբողջ կարողություն է ծախսել, Եվրոպան ևս մի ամբողջ կարողություն է ծախսել, և այժմ Եվրոպան հոգնել է դրանից»։

ԱՄՆ նախագահը նաև ընդունել է Ռուսաստանի հաջողությունները ռազմաճակատում՝ նշելով, որ ՌԴ-ն անշեղորեն ընդլայնում է իր վերահսկողության տակ անցնող տարածքները։

Թրամփի խոսքով՝ եթե կողմերին չհաջողվի համաձայնության հասնել, հակամարտության հետևանքներն ավելի ու ավելի ծանր կլինեն։

«Ռուսաստանը մեծ տերություն է։ Ուկրաինան՝ ոչ: Եթե նրանք համաձայնագիր չկնքեն, ի վերջո ամեն ինչ՝ իմ կարծիքով, միայն կվատթարանա»,-եզրափակել է Թրամփը: