շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժ աշխատանքի է անցել Շիրակի մարզում

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժ աշխատանքի է անցել Շիրակի մարզում

Շիրակի մարզում բնակվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3950 անձ՝ (1082 ընտանիք), որից 2732-ը՝ Գյումրիում։

Այս մասին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Շիրակի մազպետի տեղակալ  Աննա Մարտիկյանը։

Մարզպետի տեղակալն անդրադարձավ ՀՀ կառավարության կողմից իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերին՝ նշելով, որ Շիրակի մարզպետի աշխատակազմի միջոցով ԼՂ-ից  տեղահանված և Շիրակի մարզում հաստատված անձանց կառավարության հինգ որոշումներով հատկացվել է 174.6 մլն դրամ, որն ուղղվել է հյուրանոցային ծառայություններին, սննդի ծախսերին և դրամական աջակցության տրամադրմանը։ Հատկացվել է հումանիտար օգնություն, որը տրամադրել են տարբեր երկրներ ու կազմակերպություններ։

Ներկայացվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը, դրանցից օգտվելու կարգն ու պատկան կառույցներին դիմելու ընթացակարգը, առաջնային կարիքների դեպքում քայլերի հերթականությունը։ Անդրադարձ է կատարվել մարզի ուսումնական հաստատություններում սովորողներին, տեղեկացվել է, որ մարզի դպրոցներում այսօրվա դրությամբ ուսումը շարունակում է 716 աշակերտ, մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի են անցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 մանկավարժներ:

ԼՂ-ից բռնի տեղահանված և հանրակրթությունից դուրս մնացած կամ հանրակրթությունից խուսափող երեխաներ ունեցող ընտանիքներ այցելություններ իրականացնելու, հանրակրթությունից դուրս մնալու պատճառները բացահայտելու, դրանք վերացնելու, երեխաներին հանրակրթություն վերադարձնելու նպատակով Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եղել է առանձին բնակավայրերում, տնայցերի միջոցով քայլեր են ձեռնարկվել խնդիրների լուծման համար։

Շիրակի մարզի բժշկական հաստատություններում հաշվառվել, դեղորայք են ստացել, ստացիոնար բուժման և լաբորատոր - գործիքային հետազոտության  ուղեգրվել ԼՂ - ից բռնի տեղահանված 2888 անձ։

Պետական և հումանիտար աջակցության ծրագրերի հասցեականությունն ապահովելու համար տնայցերն ու հանդիպումները կրել են պարբերական բնույթ, 100-ից ավելի տնայցերի, բազմաթիվ հանդիպումների ժամանակ ներկայացվել են բոլոր ծրագրերը, իրականացվել է կարիքի գնահատում, միասնական սոցիալական ծառայությունների հետ աշխատանքներ են տարվել կարիքների բավարարման ուղղությամբ։

Աշխատանք փնտրող անձանց տեղեկացվել է, որ հնարավորություն կունենան հաշվառվել առցանց եղանակով, ստեղծել ինքնակենսագրականներ՝ գործատուների կողմից ընդունելի ձևաչափով, առցանց եղանակով գտնել հարմար աշխատանք, ինչպես նաև` դիմել և ընդգրկվել զբաղվածության ծրագրերում, գործազուրկները հնարավորություն կունենան հարթակի միջոցով առցանց եղանակով հաշվառվելու Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում և ստանալու գործազուրկի կարգավիճակ։

Քննարկվել են նաև ՀՀ ՊՆ զորամասերում պայմանագրային զինծառայության անցնելու վերաբերյալ հարցեր։

  • Կիսվել: