հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մի ուրացիր․ Ախալքալաքում Ջահերով երթ է անցկացվել

Մի ուրացիր․ Ախալքալաքում Ջահերով երթ է անցկացվել

Այսօր երեկոյան Ախալքալաքի բերդերի տարածքից «Մի ուրացիր» խորագրի ներքո մեկնարկեց ավանդական ջահերով երթը՝ նվիրված Հայող ցեղասպանության 110-րդ տարելիցին, գրում է jnews.ge-ն:

Մինչ երթի մեկնարկը Ջավախքի պատանեկան միության անդամները ջահեր, պաստառներ և դրոշներ բաժանեցին երթի մասնակիցներին։

Ախալքալաքի բերդերի տարածքից ջահակիրները շարժվեցին դեպի Սուրբ Խաչ եկեղեցու բակ։ Նրանք վանկարկում էին՝ Մի ուրացիր։

Ախալքալաքում ջահերով երթն առաջնորդում էին հոգևորականները՝ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տեր Նարեկ Տիգրանյանը և Արագովայի Տեր Դավիթ Կյուրեղյանը։

Երթին մասնակցում էին նաև Ախալքալաքի Մելքոն Մակարյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։

Ջահերով երթի մասնակիցները պարբերաբար հնչեցնում էին իրենց կոչը՝ Մի ուրացիր, և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջում էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Սուրբ Խաչ եկեղեցու բակում ելույթի խոսքով հանդես եկան Ջավախքի պատանեկան միության անդամները և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։

  • Կիսվել: