Ռուս դիվանագետը հուզվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսի ժամանակ
Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսից հետո ռուս դիվանագետը չի կարողացել զսպել արցունքները:
ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Մաքսիմ Սելեզնյովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում խոստովանել է, որ բառացիորեն ընկղմվել է հայ ժողովրդի տառապանքների մեջ։
«Այն, ինչ ցուցադրված է այս պատերին... սարսափելի ողբերգություն է, որը չպետք է կրկնվի։ Չի կարելի անմասն մնալ տեղի ունեցած բոլոր սարսափներից։ Պետք է հիշել և թույլ չտալ, որ այն մոռացվի և կրկնվի: Ինձ թվում է, որ դա է ամբողջ թանգարանի և, մասնավորապես, այս ցուցահանդեսի ուղերձը», - նշել է նա։
«Վավերագրելով հանցագործությունները. Հայոց ցեղասպանության ականատես-փաստագրողները» ցուցահանդեսում ներկայացված են 1915 թվականի ողբերգության մասին Ռուսական կայսրության հպատակների վկայությունները:
Հիշեցնենք` 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։
Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: