չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ակումբային ԱԱ․ «Ֆլամենգոն» և «Չելսին» դուրս են եկել 1/8 եզրափակիչ. հայտնի են մրցակիցները

Ակումբային ԱԱ․ «Ֆլամենգոն» և «Չելսին» դուրս են եկել 1/8 եզրափակիչ. հայտնի են մրցակիցները

ԱՄՆ-ում ընթացող 2025 թվականի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում որոշվեցին D խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերը: Փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին բրազիլական «Ֆլամենգոն» և անգլիական «Չելսին»:

Երրորդ տուրում «Ֆլամենգոն» մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող «Լոս Անջելեսի» հետ: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: 84-րդ րոպեին Դենիս Բուանգան առաջ մղեց «Լոս Անջելեսին», սակայն 86-րդ րոպեին Ուոլես Յանը խփեց պատասխան գոլը՝ փրկելով «Ֆլամենգոյին» պարտությունից:

Այս ոչ-ոքիից հետո «Ֆլամենգոն» 7 միավորով գլխավորեց խումբը: «Լոս Անջելեսը» 2 միավորով զբաղեցրեց երրորդ հորիզոնականը և դուրս մնաց պայքարից:

1/8 եզրափակչում «Ֆլամենգոն» կմրցի Գերմանիայի չեմպիոն «Բավարիայի» հետ:

«Չելսին» վերջին տուրում 3:0 հաշվով հաղթեց աֆրիկյան «Էսպերանսին»: Առաջին խաղակեսի վերջում գոլեր խփեցին Տոսին Ադարաբիոյոն և Լիամ Դելապը, իսկ 90-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Թայրիկ Ջորջը:

Այս հաղթանակով «Չելսին» վաստակեց 6 միավոր և խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Թունիսյան «Էսպերանսը» 1 միավորով եզրափակեց խմբի աղյուսակը:

1/8 եզրափակիչում «Չելսին» կհանդիպի պորտուգալական «Բենֆիկային»:

 

Աղբյուրը`ArmSport.am

  • Կիսվել: