կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Իրանը հայտնել է ավելի քան 35 արբանյակի մշակման և ռադիոտեղորոշման տեխնոլոգիաների զարգացման մասին

Իրանը հայտնել է ավելի քան 35 արբանյակի մշակման և ռադիոտեղորոշման տեխնոլոգիաների զարգացման մասին

Իրանը մշակում է ավելի քան 35 արբանյակ, ինչը վկայում է արբանյակաշինության ոլորտում երկրի գիտական և տեխնոլոգիական կարողությունների զգալի զարգացման մասին, հայտարարել է Իրանի տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն, տեղեկացնում է Mehr-ը։

Կիրակի օրը ելույթ ունենալով «Հույսի գավաթ» մեդիա երրորդ փառատոնի միջոցառումների շրջանակում՝ Սալարիեն ներկայացրել է երկրի տիեզերական ոլորտի ներկա վիճակը։ Ըստ նրա, Իրանի տիեզերական գործակալությունը պատասխանատու է տիեզերական գործունեության ընդհանուր կառավարման, քաղաքականության մշակման և կարգավորման համար։ Այդ գործունեությանը մասնակցում են մասնավոր ընկերություններ, համալսարաններ, գիտական կենտրոններ, ինչպես նաև պետական և մասնավոր ձեռնարկություններ։

Սալարիեն, որը նաև Իրանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների փոխնախարարն է, նշել է տիեզերական ոլորտում մասնավոր հատվածի և համալսարանների ակտիվության աճը։ Նրա հաղորդմամբ, ներկայումս երկրում մշակվում է ավելի քան 35 արբանյակ, ինչը արտացոլում է այս ոլորտում Իրանի գիտական, արդյունաբերական և տեխնոլոգիական ներուժի ընդլայնումը։

Գործակալության ղեկավարը նաև ներկայացրել է նահատակ Սոլեյմանիի անվան արբանյակային համակարգի նախագիծը։ Նախագծի առաջին փուլով նախատեսվում է ստեղծել 24 արբանյակ։

Հաստատված ծրագրի համաձայն, այս համակարգի արբանյակների երեք փորձանմուշները կներկայացվեն այս տարվա Ֆաջրի տասնօրյակի տոնակատարություններին նվիրված միջոցառումների ընթացքում։ Իրանում այս ժամանակահատվածը նշում են ի հիշատակ 1979 թվականին այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի՝ երկիր վերադարձի և Իսլամական հեղափոխության հաղթանակի։

Բացի այդ, Իրանը մշակում է Երկրի հեռազննման արբանյակներ՝ մեկ մետր կամ ավելի բարձր լուծաչափով նկարահանումների համար։ Նման սարքերը հնարավորություն են տալիս ստանալ Երկրի մակերևույթի մանրամասն պատկերներ, իսկ հավաքված տվյալները կարող են օգտագործվել տարբեր ոլորտներում։

Սալարիեն որպես մեկ այլ ուղղություն նշել է ռադիոտեղորոշիչ արբանյակների՝ Երկրի հեռազննման նոր սերնդի սարքերի մշակումը։

Ռադիոտեղորոշման տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ դրանք կարող են պատկերներ ստանալ և տվյալներ հավաքել՝ անկախ եղանակային պայմաններից, այդ թվում՝ ամպամածությունից ու ձնածածկույթից, ինչպես նաև մթնոլորտային այլ խոչընդոտներից։

Փոխնախարարի կարծիքով, տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը մեծ նշանակություն ունի ռեսուրսների կառավարման և պետական պլանավորման համար։

Արբանյակային համախմբի հնարավորությունների ընդլայնումը թույլ կտա ավելի արդյունավետ դիտարկել Երկիրը, կառավարել բնական ռեսուրսները և ճշգրիտ տվյալներ կիրառել տնտեսության տարբեր ոլորտներում։

  • Կիսվել: