Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»
«Հետք»-ը գրել է․
«2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական ագրեսիաներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում: Ընդ որում՝ 200 քկմ-ի մեջ ներառված չէ ՀՀ տարածքի հաշվին ձեւավորված չեզոք գոտին՝ միջդիրքային վտանգավոր հատվածը, որը չի գտնվում կողմերից որեւէ մեկի տիրապետության տակ, սակայն դիտարկվում է երկու կողմից էլ, նշանառության տակ է ու անօգտագործելի, այսինքն՝ կորսված է հայկական կողմի համար:
Վայոց Ձորում եւ Սյունիքում Հայաստանի կորցրածի մի մասը բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ) են՝ արգելոց ու արգելավայրեր, որոնք պետական սեփականություն են: Նախորդ հոդվածում անդրադարձել ենք Սյունիքի մարզի օկուպացված ԲՀՊՏ-ներին: Այս անգամ կպատմենք Վայոց Ձորի մասին։
Վայոց Ձորի մարզում 2022 թ. սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը մոտ 65 քկմ է զավթել ՀՀ սուվերեն (ինքնիշխան) տարածքից: Խոսքը կոնկրետ այս մարզից կորսված հողերի մասին է, սակայն շուրջ 8.5 քկմ էլ Հայաստանը կորցրել է Կարմրակատար լեռից (3058 մ, գտնվում է Վայոց Ձորի ու Սյունիքի սահմանագլխին) հարավ՝ Սյունիքի մարզում։
65 քկմ-ն հավասար է 100 հատ Երեւանյան լճի: Մյուս կողմից՝ այս օկուպացիոն գոտին ամբողջությամբ բնության հատուկ պահպանվող տարածք (ԲՀՊՏ) է, որը պետական սեփականություն է: Խոսքը Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի մասին է: Օկուպանտների դիտարկման ու նշանառության տակ է հայտնվել նաեւ դրա հարեւան Ջերմուկի անտառային պետական արգելավայրը»:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։



