Ֆիննական ծոցում հրդեհվել է ռուսաստանյան չորաբեռնանավը․ Ֆինլանդիան կասկածում է Ուկրաինային
Ռուսաստանի զինված ուժերի հետ կապված ռուսաստանյան Sparta II բեռնանավը շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, Ֆիննական ծոցում անօդաչու թռչող սարքերի հարվածից հետո հրդեհվել է և հայտնվել Ֆինլանդիայի տարածքային ջրերում՝ Լովիիսա քաղաքի ափերի մոտ, հաղորդում է Yle-ն։
Ֆինլանդիայի զինվորականները կարծում են, որ հարձակման հետևում, հավանաբար, կանգնած է Ուկրաինան։ Դեպքից հետո նաև կասկածներ են առաջացել, որ ռուսաստանյան ուղղաթիռը խախտել է Ֆինլանդիայի օդային տարածքը։
Նավի հրդեհը մարում են միջազգային ուժերի մասնակցությամբ։ Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության տվյալներով, անձնակազմը տարհանվել է ռուսաստանյան Murman փրկարար նավով։ Sparta II-ի վրա շարունակվում են կրակի մարման և բեռով բեռնարկղերի հովացման աշխատանքները՝ հետագա պատահարների վտանգը նվազեցնելու համար։ Բեռի բնույթի, վնասների ծավալի և հնարավոր տուժածների մասին տեղեկությունները դեռ չեն հստակեցվում։
Գործողությանը մասնակցում են Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, այդ թվում՝ Uisko պարեկային նավը, պարեկային մոտորանավակներ, ինքնաթիռ և ուղղաթիռներ։ Նավի հրդեհի մարման և հովացման աշխատանքներում ներգրավված են նաև ֆիննական Alfons Håkans ընկերության Ajax և H. Kanter փրկարար քարշակները, ինչպես նաև էստոնական Kindral Kurvits ռազմածովային նավը։
Ֆինլանդիայի սահմանապահ ծառայության խնդրանքով գործողությանը միացել է նաև ռուսաստանյան Murman փրկարար նավը։
Հրդեհի մարումից հետո իշխանությունները մտադիր են Sparta II-ը դուրս բերել Ֆինլանդիայի տարածքային ջրերից և քարշակել դեպի Ռուսաստանի պատասխանատվության գոտի։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը տեղի ունեցածը լուրջ միջադեպ է անվանել։ Նա հայտնել է, որ սերտ կապի մեջ է եղել երկրի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի համար պատասխանատու ղեկավարության, ինչպես նաև զինված ուժերի և սահմանապահ ծառայության հետ։
Ստուբը նշել է, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել է առանցքային գործընկերներին ու դաշնակիցներին և շնորհակալություն հայտնել Ֆինլանդիայի գերատեսչություններին՝ մասնագիտական և վճռական գործողությունների համար։
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն իր հերթին հայտարարել է, որ պատերազմն աստիճանաբար տարածվում է Ուկրաինային հարևան տարածաշրջաններ։



