Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի պատվիրակությանը. քննարկվել են ԱԲ ենթակառուցվածքների զարգացման և տեխնոլոգիական համագործակցության հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության ներդրումների, տարածաշրջանային զարգացման և տեղեկատվայնացման նախարարության գլխավոր քարտուղար Յան Գայդոշի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։
Տաթև Ասլանյանը ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ անդրադառնալով մարդկային կապիտալի զարգացմանը, ստարտափների աջակցությանը, ներդրումային միջավայրի բարելավմանը և արհեստական բանականության ենթակառուցվածքների ձևավորմանը։ Նա նշել է, որ Հայաստանում ստեղծվել են ԱԲ առանցքային գործարաններ, որոնք կարող են հիմք դառնալ ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման, այլև ամբողջական ԱԲ էկոհամակարգի ձևավորման համար։
Սլովակյան պատվիրակության ներկայացուցիչները հետաքրքրվել են նաև Հայաստանում պետական կառավարման համակարգում արհեստական բանականության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներով։ Տաթև Ասլանյանը տեղեկացրել է, որ այդ նպատակով այցելություններ են իրականացվել ավելի քան 20 պետական կառույցներ՝ ուսումնասիրելու դրանցում ԱԲ կիրառման ներկայիս մակարդակը, մինչ այժմ մշակված կամ կիրառվող գործիքները և առկա խոչընդոտները։
Շուրջ 24 պետական կառույցների վերաբերյալ իրականացվել է վերլուծություն՝ բացահայտելու ԱԲ-ի՝ պետական համակարգում ինտեգրմանը խոչընդոտող ընդհանուր խնդիրները։
Նախարարի տեղակալի խոսքով՝ այդ աշխատանքների հիման վրա նախաձեռնվել է արհեստական բանականության հայեցակարգի մշակումը, որի շրջանակում նախատեսվում է պետական ծառայողներին ուղղորդել ինչպես ԱԲ գործիքների անվտանգ և արդյունավետ կիրառման, այնպես էլ սեփական ԱԲ լուծումների մշակման հարցերում։
Քննարկման ընթացքում սլովակյան կողմը ներկայացրել է իր երկրում թվային ենթակառուցվածքների զարգացման, բարձր արտադրողականությամբ հաշվողական համակարգերի և ԱԲ կարգավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև մեծ հետաքրքրություն են հայտնել Հայաստանում ԱԲ գործարանների ստեղծման և զարգացման փորձի նկատմամբ՝ նշելով, որ կցանկանային այն կիրառել նաև Սլովակիայում նմանատիպ ենթակառուցվածքներ ձևավորելու նպատակով։
Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել պատվիրակության հանդիպումը Հայաստանում գործող ԱԲ գործարանների ներկայացուցիչների հետ՝ փորձի փոխանակման և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու համար։
Կողմերն անդրադարձել են նաև ստարտափ էկոհամակարգերի զարգացմանը, ներդրումների ներգրավմանը և ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանը։ Տաթև Ասլանյանը ներկայացրել է հայկական ստարտափների զարգացման հաջորդ փուլերում կապիտալի ներգրավման հետ կապված մարտահրավերները և նշել Fund of Funds ձևավորելու հնարավորությունը՝ հայկական ստարտափներում ներդրումներ կատարելու և ներդրողներին Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին ավելի մոտեցնելու նպատակով։
Հանդիպմանը քննարկվել են նաև գիտահետազոտական ներուժի առևտրայնացման, համալսարանների և մասնավոր հատվածի միջև կապերի ամրապնդման, տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների զարգացման, ինչպես նաև հայկական և սլովակյան ստարտափների համար միմյանց շուկաներ մուտք գործելու հնարավորությունները։
Կողմերը կարևորել են համագործակցության գործնական մեխանիզմների ձևավորումը՝ առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր և նշանակել պատասխանատու մասնագետներ՝ համագործակցության առանձին ուղղություններով աշխատանքը համակարգելու և շոշափելի արդյունքներ ապահովելու նպատակով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Սլովակիայի միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջիկա նիստին, որը նախատեսվում է անցկացնել 2027 թվականի մարտին՝ Բրատիսլավայում։
Կարևորվել է տեխնոլոգիական ոլորտին առնչվող հարցերը հանձնաժողովի օրակարգում ներառելու և երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը համակարգելու անհրաժեշտությունը։



