հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

Հռոմի Ֆրանցիսկոս պապին հրաժեշտ տալ ցանկացողները ժամերով սպասում են տաճար մտնելու հնարավորությանը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրաժեշտ տալու ցանկություն ունեցող ուխտավորներն ավելի քան չորս ժամ սպասում են Սուրբ Պետրոսի տաճար մտնելու իրենց հերթին, տեղեկացնում է Fatto Quotidiano-ն:

Նշվում է, որ հանգուցյալ պապի մարմինը ապրիլի 23-ի առավոտյան տեղափոխվել է Սուրբ Պետրոսի տաճար, որպեսզի հավատացյալները կարողանան հարգանքի տուրք մատուցել նրան մինչ շաբաթ օրը կայանալիք հուղարկավորությունը:

Պապին հրաժեշտ տալ ցանկացողների թիվն այնքան մեծ է, որ Վատիկանում չեն բացառում տաճարի մուտքը մինչև կեսգիշեր բաց պահելու և հրաժեշտի արարողությունը առավոտյան ժամը 7-ից շարունակելու հնարավորությունը: Այն կտևի մինչև ուրբաթ օրը ներառյալ, իսկ թաղման հանդիսավոր արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան ապրիլի 26-ին:

Հաղորդվում է նաև, որ հուղարկավորության պահից Վատիկանում կհայտարարվի 9-օրյա սուգ, որի ավարտին կարդինալների կոնկլավ կհավաքվի՝ նոր պոնտիֆիկոս ընտրելու համար։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, իր կտակի համաձայն, կթաղվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում, այլ ոչ թե Վատիկանում, որտեղ հանգչում են նրա նախորդներից շատերը։

Ավեի վաղ հայտնել էինք, որ Հռոմի Պապը մահացել է ապրիլի 21-ին:

  • Կիսվել: