հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Իշխանությունը մոռացության քաղաքականություն է վարում․ Գեղամ Մանուկյան

Իշխանությունը մոռացության քաղաքականություն է վարում․ Գեղամ Մանուկյան

Իշխանությունն այսօր մոռացության քաղաքականություն է վարում, դա պարզապես սխալ չէ, դա քաղաքական դավաճանություն է: Այս մասին այսօր Ջահերով երթից առաջ իր ելությում ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Այսօր մենք կանգնած ենք այս հրապարակում որպես մեկ ազգ, մեկ ձայն, մեկ անկոտրում կամք. մեր ջահերի վառ կրակներով, մեր անկոտրում կամքով: Սա հիշողության մոմավառության վայր չէ, այլ պահանջի կրակահերթ։Այս ջահերը, որ մեր ձեռքերում են, լույս չեն միայն։ Դրանք կրակներ են՝ մեր նախնիների հիշողությունը հավերժող։ Դրանք 1,5 միլիոն սպանված հայերի ոգու կրակն են՝ Մեծ Եղեռնի դժոխքից։ Մենք այստեղ ենք՝ որպես նրանց ժառանգորդ։ որ չի մոռանում, չի լռում։ Մենք եկել ենք վկայելու, բարձաձայնելու , որ հայ ժողովուրդը ոտքի է, նրա պայքարը՝ անավարտ, նրա կամքը՝ անսասան հանուն արդարաության, հանուն կանխման, ի դեմս ուրացման։

Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է, երբ Թուրքիան հրաժարվում է պատասխանատվությունից, երբ Ադրբեջանը կտրում է Արցախի հայության արմատները, երբ մեր իշխանությունները լռում են՝ ազգային հիշողությունը դիվանագիտության սեղանին ծախելու համար։ Որովհետև առանց ճշմարտության՝ չկա խաղաղություն։ Առանց պատասխանատվության՝ չկա ապագա։ Մեր պահանջը՝ հստակ ու անդրդվելի է. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, որպես մարդկության դեմ հանցագործություն։ որպես նախադեպ, որը չի կրկնվի։

Քանի դեռ հերքում ես ցեղասպանությունը, դու մեղսակից ես դրան։ Միջազգային հանրությունը պետք է դադարի խաղալ երկդիմի բառախաղերի հետ։ հստակ ճանաչի դրանով իսկ կանխելով հետագա Ցեղասպանությունները։ Այսօր, երբ մեր պետությունը պետք է ամենաողջամիտ ձայնը լինի ցեղասպանության ճանաչման հարցում, մենք տեսնում ենք անպատասխանատու զիջումներ, ուրացում։

Այն իշխանությունը, որը ցեղասպանության հիշողությունը վերածել է դիվանագիտական փոխանակման առարկայի, պետք է հասկանա. Ազգային հիշողությունը իշխանության սեփականությունը չէ։ Այս իշխանություն այսօր մոռացության քաղաքականություն է վարում՝ երբ դեսպանատներում չեն խոսում ցեղասպանության մասին, երբ «հարաբերությունների նորմալացում» են խոսում առանց նախապայմանների, բայց կատարում են Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պայմաններն ու պահանջները, երբ Արցախի 120,000 տեղահանվածների համար ոչ մի միջազգային դատարան չեն բացում։

Սա պարզապես սխալ չէ։ Սա քաղաքական դավաճանություն է։ Սա լռելյայն համաձայնություն է ժխտման և ուրացման հետ։ Մենք՝ չենք հաշտվել, չենք հարմարվել, չենք լռել»։

  • Կիսվել: