հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Թրամփը Զելենսկիին մեղադրել է «սպանդը» երկարաձգելու համար

Թրամփը Զելենսկիին մեղադրել է «սպանդը» երկարաձգելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ղրիմը Ռուսաստանին հանձնելուց հրաժարվելու մասին հայտարարություններով երկարաձգում է սպանդը: Այս մասին Truth սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Wall Street Journal-ի առաջին էջում պարծենում է, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը։ Այստեղ խոսելու բան չկա»։ Այս հայտարարությունը շատ վնաս է հասցնում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին, քանի որ Ղրիմը կորել է շատ տարիներ առաջ նախագահ Բարաք Հուսեյն Օբամայի օժանդակությամբ և նույնիսկ քննարկման առարկա չէ։

Զելենսկիին ոչ ոք չի խնդրում, որ Ղրիմը ճանաչի որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց մեկ կրակոցի։ Նախքան լիազորությունների հանձնումը Օբամային այս շրջանում երկար տարիներ նաև ռուսական սուզանավերի խոշոր ռազմաբազաներ են տեղակայվել:

Զելենսկիի՝ նման հրահրիչ հայտարարություններն են, որ այս պատերազմն այդքան դժվար կարգավորվում է: Նա պարծենալու բան չունի։ Ուկրաինայի համար իրավիճակը բարդ է. նա կարող է խաղաղություն ունենալ կամ կարող է պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը։

Ես Ռուսաստանի հետ ոչ մի առնչություն չունեմ, բայց շատ առնչություն ունեմ շաբաթական միջինը հինգ հազար ռուսաստանցի և ուկրաինացի զինվորների փրկելու ցանկությանը, որոնք առանց պատճառի են մահանում։ Զելենսկու այսօրվա հայտարարությունը կհանգեցնի ոչ այլ ինչի, քան «սպանդի» երկարաձգման, իսկ դա ոչ ոք դա չի ուզում։

Մենք շատ մոտ ենք գործարք կնքելուն, բայց այն մարդը, որը «խաղաթղթեր չունի», վերջապես պետք է գնա այդ քայլին: Ես անհամբեր սպասում եմ օգնելու Ուկրաինային և Ռուսաստանին դուրս գալ այս լիակատար խառնաշփոթից, որը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ»:

  • Կիսվել: