երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
ՃԿՊԱ-ում դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ անտառային ծառայության նախկին հրշեջները

ՃԿՊԱ-ում դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ անտառային ծառայության նախկին հրշեջները

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում ԱՄՆ անտառային ծառայության միջազգային ծրագրերի շրջանակում անցկացվել են անտառային հրդեհների մարման հիմունքների եռօրյա դասընթացներ:

Մասնակցել են ԱԻՆ հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատարից մինչև խմբի պետեր, Շրջակա միջավայրի նախարարության անտառտնտեսություններից և բնության հատուկ պահպանվող տարածքներից ներկայացուցիչներ՝ ընդհանուր մոտ 50 ունկնդիր:

Դասախոսություններով հանդես են եկել ԱՄՆ անտառային ծառայության նախկին կենսաթոշակային տարիքի հրշեջները:
Մասնակիցներին ներկայացվել են հրդեհաշիջման, անտառային հրդեհների մարման, միջգերատեսչական համակարգման, հրդեհային վտանգի կանխատեսման, վաղ ազդարարման հմտությունները, անտառային հրդեհների տարածման բնույթը, մարտավարություններն ու ռազմավարությունը:

Միջոցառման նպատակն էր անձնակազմի կարողությունների զարգացումը:

Ի դեպ, ԱՄՆ անտառային ծառայության նախկին հրշեջները հուլիսի 29-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում հետևելու են ԱԻՆ ուսումնավարժության շրջանակում հայ մասնագետների գործողություններին:

  • Կիսվել: