ԲՏԱ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է ԱԲ միջազգային օլիմպիադայի մեդալակիրներին
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանն օգոստոսի 31-ին ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին և Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականներին։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Նախարարը շնորհավորել է դպրոցականներին Ղազախստանում կայացած օլիմպիադայում գրանցած հաջողությունների, այդ թվում՝ նվաճած երկու բրոնզե մեդալների կապակցությամբ։ Դավիթ Թադևոսյանը կարևորել է նման միջազգային հարթակներում հայ դպրոցականների բարձր արդյունքները՝ ընդգծելով ԱԲ ոլորտում մրցունակ տաղանդի զարգացման և նոր սերնդի մասնագիտական ներուժի ձևավորման ուղղությամբ FAST հիմնադրամի հետ շարունակական համագործակցության կարևորությունը։
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ անդրադառնալով նաև արհեստական բանականության ոլորտում Հայաստանի ներուժի զարգացման և միջազգային մրցունակության ամրապնդման հնարավորություններին և հետաքրքրվել դպրոցականների պատկերացումներով ԱԲ կիրառման և կարգավորման վերաբերյալ։
Դպրոցականները պատմել են, թե ինչից է սկսվել իրենց հետաքրքրությունը արհեստական բանականության նկատմամբ, ինչն է ոգեշնչել իրենց ընտրել այս ուղղությունը և շարունակել զարգանալ ոլորտում։ Նրանք կիսվել են նաև միջազգային օլիմպիադային մասնակցության իրենց փորձով ու տպավորություններով, ինչպես նաև ներկայացրել արհեստական բանականության կիրառման վերաբերյալ իրենց մոտեցումներն ու պատկերացումները:
FAST հիմնադրամի ներկայացուցիչները կարևորել են միջազգային հարթակներում հայ դպրոցականների գրանցած բարձր արդյունքները և պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության դերը: Նրանք ներկայացրել են տեխնոլոգիական ու արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, ինչպես նաև նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Կողմերն ընդգծել են,որ միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցականների մասնակցությունն ու հաջողությունները նպաստում են մաթեմատիկական ու տեխնոլոգիական խորքային մտածողությամբ նոր սերնդի ձևավորմանը՝ ստեղծելով նախադրյալներ նրանց հետագա ներգրավվածության և ակտիվ դերակատարության համար համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներում։
Հայաստանում IOAI-ի ազգային փուլի կազմակերպիչը FAST հիմնադրամն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ աշակերտներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միջազգային մրցույթին և մրցելու աշխարհի տարբեր երկրներից ժամանած ուժեղագույն թիմերի հետ՝ նպաստելով տեխնոլոգիական տաղանդի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը։
2023 թվականից FAST հիմնադրամը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ինչպես նաև ոլորտի մի շարք կառույցների համագործակցությամբ, իրականացնում է «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը։ Ծրագրի նպատակն է դպրոցական տարիքից ձևավորել արհեստական բանականության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ՝ նպաստելով Հայաստանում ԱԲ կրթության և տեխնոլոգիական տաղանդի զարգացմանը։



