երկուշաբթի, նոյեմբեր 23
23 / 11 / 2026
Սահմանադրության նախագիծն արտաքին թելադրանքով և նման բովանդակությամբ չպետք է ներկայացվի հանրաքվեի․ Մանե Թանդիլյան

Սահմանադրության նախագիծն արտաքին թելադրանքով և նման բովանդակությամբ չպետք է ներկայացվի հանրաքվեի․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված նոր Սահմանադրության նախագծին և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրության նախագիծն արտաքին թելադրանքով և նման բովանդակությամբ չպետք է ներկայացվի հանրաքվեի։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր և նախագահ Մանե Թանդիլյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անկախության մասին հռչակագրին հղումը հանելը ցույց է տալիս, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են դեպի անկախության և ինքնիշխանության կորստի։ Միևնույն ժամանակ, նախագիծը պարունակում է բազմաթիվ անընդունելի կետեր մարդու իրավունքների, իշխանության ճյուղերի գործառույթների, դատական և օրենսդիր մարմինների ուզուրպացման, անկախ մարմինների վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ժողովրդավարության և իշխանությունների տարանջատման սկզբունքների հետ։

Սեփական հակաժողովրդավարական քայլերի և ապօրինությունների ամրագրումը Սահմանադրության մեջ այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել «նոր Սահմանադրության» անվան տակ ժողովրդին հրամցված այս արկածախնդրության բացասական և վտանգավոր կետերի մասին մանրամասն տեղեկություն։

Սիրելի՛ ժողովուրդ, սա «Քո Սահմանադրությունը» չէ, «նրա Սահմանադրությունն» է։

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը»:

  • Կիսվել: