Բազմահազարանոց հանրահավաք Ստամբուլում՝ ի պաշտպանություն մամուլի ազատության
Ստամբուլում բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ ի պաշտպանություն մամուլի ազատության, տեղեկացնում է DW-ն։
Նշվում է, որ ցույցի առիթ է դարձել Թուրքիայում մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցների փակումը։ Թուրքական աղբյուրները հայտնում են, որ ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել, իսկ ցուցարարների շարասյունը ձգվել է մի քանի կիլոմետր։ Մասնակիցների շրջանում հատկապես շատ են եղել ավագ տարիքի մարդիկ (հիմնականում 50–60 տարեկան)։ Հավաքն անցկացնելու կոչ է արել ընդդիմադիր Yeni կուսակցությունը։
Հաղորդվում է նաև, որ վերջին շաբաթներին թուրքական իշխանություններն արտաքին կառավարման են հանձնել Sözcü TV հեռուստաալիքը, փակել են Halk TV-ն և արգելափակել T24 անկախ պարբերականի կայքը։ Համարվում է, որ երկրի մեդիադաշտի շուրջ 95%-ը վերահսկում են իշխանությունները։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատմամբ՝ մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Թուրքիան 180 երկրի շարքում զբաղեցնում է 163-րդ հորիզոնականը։



