Եկել է փոփոխությունների ժամանակը․ Ռոման Բերեզովսկին՝ ՀՖՖ նախագահի ընտրությունների և իր ընտրության մասին
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին հանդես է եկել տեսաուղերձով՝ հրապարակայնորեն աջակցություն հայտնելով ՀՖՖ նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանին, գրում է armsport.am-ը:
Լեգենդար դարպասապահն իր խոսքում ընդգծել է հայկական ֆուտբոլում փոփոխությունների անհրաժեշտությունը․
«Եկել է փոփոխությունների ժամանակը: Ինչպես գիտեմ, առաջիկայում կկայանան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները: Ֆեդերացիայի նախագահի ընտրություններում առաջադրված է նաև ժամանակին իրեն որպես ֆուտբոլիստ հրաշալի դրսևորած Գևորգ Ղազարյանը: Նա ծնվել ու մեծացել է Հայաստանում, հանդես է եկել մի շարք ակումբների կազմում: Իմ աջակցությունն եմ հայտնում Գևորգ Ղազարյանին»։
Ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանն արձագանքել է Բերեզովսկու ուղերձին՝ գրելով․
«Շնորհակալություն Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկուն ցուցաբերած աջակցության համար»։
Ավելի վաղ Ղազարյանի թեկնածությանն իրենց աջակցությունն էին հայտնել նաև հայկական ֆուտբոլի երկրպագուական շարժումները։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան 2026 թվականի դեկտեմբերի 21-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու է երկու թեկնածու՝ Գևորգ Ղազարյանը, որի թեկնածությունն առաջադրել է Գյումրիի «Շիրակը», և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ Դենիս Ջորկաեֆը, որին առաջադրել է «Սյունիքը»։



