Հայաստանի «Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ» նախագիծը կոչված է վերամիավորելու Արևելքն ու Արևմուտքը. Euronews
Հաշվողական հզորությունների նոր կենտրոնի, միջազգային համագործակցության և ռոբոտաշինության լաբորատորիայի շնորհիվ Հարավային Կովկասի այս փոքր երկիրը ձգտում է իր տեխնոլոգիական ներուժը վերածել ավելի նշանակալի տնտեսական ազդեցության՝ գրում է Euronews-ը:
Մետաքսի հնագույն ճանապարհը ծառայել է որպես Արևելքի և Արևմուտքի միջև ապրանքների, գիտելիքի ու գաղափարների փոխանակման ուղի։ Այսօր Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության առաջատարները վերաիմաստավորում են այս հայեցակարգը՝ ստեղծելով ցանց, որը երկրները միավորում է արհեստական բանականության զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների միջոցով։
«Մենք սկսում ենք վերստեղծել հին Մետաքսի ճանապարհը: Այն վերադառնում է, բայց նոր կերպարով՝ որպես «Արհեստական բանականության մետաքսի ճանապարհ»,- ասել է NVIDIA-ի արհեստական բանականության ֆիզիկական մոդելավորման ուղղության պատասխանատու, փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ ելույթ ունենալով Երևանում կայացած DigiTec տեխնոլոգիական համաժողովում։
Ըստ նրա՝ Հայաստանը և Ղազախստանը կարող են դառնալ այս համակարգի հիմնական հենասյուները, իսկ տարածաշրջանի մյուս երկրներն իրենց ներդրումն ունենալ արհեստական բանականության տնտեսության մեջ տարբեր մակարդակներում՝ էներգիայից և միկրոպրոցեսորների արտադրությունից մինչև հաշվողական ենթակառուցվածքների, մոդելների և կիրառական լուծումների ստեղծում։
Այս հայեցակարգը դուրս է գալիս տվյալների կենտրոնների կառուցման շրջանակից: Խոսքը վերաբերում է պետական սահմաններից դուրս շուկաների, հետազոտողների, ընկերությունների և կապիտալի միջև կապեր հաստատելուն, ինչպես նաև փոքր տնտեսությունների համար տեղ գտնելուն այն ոլորտներում, որտեղ գերակշռում են շատ ավելի մեծ տերությունները:
Հայկական համալիրը, որը հագեցած է ավելի քան 6100 NVIDIA Blackwell պրոցեսորներով, ապահովում է բիզնեսներին անհրաժեշտ հաշվողական հզորությունը՝ արհեստական բանականության համակարգերն ուսումնասիրելու և գործարկելու համար։ Կենտրոնի հաճախորդների թվում են NVIDIA-ն և Perplexity ստարտափը: Այդպիսով՝ փոքր երկիրը հայտնվում է համաշխարհային արհեստական բանականության էկոհամակարգում՝ նշում է Euronews-ը։
DigiTec համաժողովի կազմակերպիչները հայտարարել են 125 բանախոսի, այդ թվում ՝ NVIDIA, OpenAI, Dell Technologies և Mozilla ընկերությունների ներկայացուցիչների մասնակցության մասին, ինչը հնարավորություն է տալիս միավորելու միջազգային տեխնոլոգիական ընկերությունները տարածաշրջանի կառավարությունների և ձեռնարկատերերի հետ:
DigiTec-ը հյուրընկալող կազմակերպության՝ Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Արմեն Քոչարյանն այն բնութագրել է որպես «կենդանի հարթակ»՝ միավորելու պետական կառույցներին, ներդրողներին ու բիզնեսին Եվրոպայից, Պարսից ծոցի երկրներից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից:
Ըստ 1lurer.am-ի:



