ուրբաթ, հոկտեմբեր 9
9 / 10 / 2026
Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան

Ոչ ոք չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա. Լիլիթ Մինասյան

Անդորրա լա Վելլայում ընթացող Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:

Նստաշրջանում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:

«Շնորհակալություն, տիկի՛ն նախագահող։

Հարգելի՛ գործընկերներ,

Թույլ տվեք սկսել մի խոստովանությամբ։ Այս ելույթը գրելիս ես օգնություն խնդրեցի արհեստական բանականությունից։ Նրա առաջին խորհուրդն էր՝ «Ասեք, որ արհեստական բանականությունը երկսայրի սուր է»։ Ուրեմն, արհեստական բանականությունն արդեն սովորել է խոսել քաղաքական գործիչների պես։ Մի՛ անհանգստացեք, կփորձեմ մի փոքր ավելի ինքնատիպ լինել։

Արհեստական բանականությունը սուր չէ։ Այն դուռ է։ Եվ բուն հարցն այն է՝ ո՞վ է առաջինն անցնելու այդ դռնով։

Նախ՝ հնարավորությունների մասին։ Նիգերիայում արհեստական բանականությամբ աշխատող ուսուցիչն օգնեց աշակերտներին վեց շաբաթում սովորել այն, ինչը սովորաբար տևում է մինչև երկու տարի։ Եվ ամենամեծ առաջընթացն ունեցան աղջիկները։ Շվեդիայում արհեստական բանականությունն օգնեց բժիշկներին հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր 29 տոկոսով ավելի շատ։ Իսկ Հայաստանում մենք հենց նոր բացել ենք մեր տարածաշրջանի արհեստական բանականության խոշորագույն գործարաններից մեկը։

Այս տարվա հուլիսին Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն ասաց. «Ճիշտ օգտագործվելու և լայնորեն տարածվելու դեպքում արհեստական բանականությունը կարող է տասնամյակների զարգացումը խտացնել մի քանի տարվա մեջ»։ Ճիշտ օգտագործել և լայնորեն տարածել։ Սա է մեր պատասխանատվությունը։

Երկրորդ՝ ռիսկերի մասին։ Այսօր 9-ից 17 տարեկան երեխաների 86 տոկոսն օգտվում է արհեստական բանականությունից։ Բայց նրանց միայն 35 տոկոսը գիտի, որ արհեստական բանականությունը միշտ չէ, որ կարողանում է տարբերել ճշմարիտը կեղծից։ Երեխաների սեռական բռնության՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը մեկ տարվա ընթացքում աճել են 260 անգամ։ Հանրային կյանքում ներգրավված յուրաքանչյուր տասը կնոջից չորսն այսօր ինքնագրաքննություն է անում համացանցում՝ բռնությունից խուսափելու համար։ Միայն մեկ երկրում տարեցները մեկ տարում առցանց խարդախությունների հետևանքով կորցրել են գրեթե 8 միլիարդ դոլար, ընդ որում՝ նրանցից ոմանք՝ իրենց թոռան՝ արհեստական բանականությամբ կեղծված ձայնի պատճառով։

Սա անվտանգության հարց է։ Այսօր անվտանգությունը միայն բանակների և զենքի մասին չէ։ Այն նաև տեղեկատվության, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբեռանվտանգության մասին է։ Իսկ համակարգն այնքան ուժեղ է, որքան իր ամենաթույլ օղակը՝ չաթբոտի հետ մենակ մնացած երեխան, կին թեկնածուն, այն տատիկը, որը պատասխանում է հեռախոսազանգին։

Ուստի ես ունեմ երեք առաջարկ։

  1. Վավերացնել Եվրոպայի խորհրդի՝ Արհեստական բանականության մասին կոնվենցիան։ Հայաստանն այն ստորագրել է այս տարվա հունվարին։ Կոնվենցիայի 18-րդ հոդվածը մեզ պարտավորեցնում է հոգ տանել երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների մասին։

  2. ԵԱՀԿ յուրաքանչյուր երկրում հանցագործություն համարել մերկ կեղծ պատկերներ ստեղծող հավելվածների և երեխաների նկատմամբ բռնության՝ արհեստական բանականությամբ ստեղծված պատկերների օգտագործումը։

  3. Սովորեցնել արհեստական բանականության հմտություններ բոլոր տարիքի մարդկանց և արհեստական բանականության կանոններ մշակել երիտասարդների հետ, ոչ միայն նրանց համար։

Թույլ տվեք եզրափակել մեկ պարզ սկզբունքով. ոչ մի մարդ չպետք է դառնա չկարգավորված արհեստական բանականության փորձարկման առարկա։

Մեր գործն ապահովելն է, որ հնարավորությունները հասնեն ամենախոցելիներին առաջինը, իսկ վնասը՝ վերջինը։ Կամ էլ, ավելի լավ՝ երբեք։

Շնորհակալություն»,- ասել է Լիլիթ Մինասյանը։

  • Կիսվել: