երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են  «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են  «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում բախվել են «Infiniti» մակնիշի և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալինի» բժշկական կենտրոն։


Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Ռուդիկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նիկոլայ Նահապետյանը և Նարեկ Նիկոլյանը։

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: