շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Անտառային հրդեհներ Ֆրանսիայում և Իսպանիայում. տարհանվել է 250000 մարդ

Անտառային հրդեհներ Ֆրանսիայում և Իսպանիայում. տարհանվել է 250000 մարդ

Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհները վերահսկողությունից դուրս են եկել, տարհանվել է ավելի քան 250000 մարդ: Այս մասին այսօր հայտարարել են երկու երկրի իշխանությունները, տեղեկացնում են միջազգային լրատվամիջոցները:

Ինչպես հաղորդվում է՝ Ֆրանսիայի հարավարևմտյան ափին մոլեգնող հրդեհները շարժվում են դեպի Բորդո։ Կառավարությունը հայտարարել է տարածաշրջանից 197000 մարդու տարհանման մասին։

X հարթակում Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն գրել է, որ Ժիրոնդ դեպարտամենտում փրկարարները բախվել են այսպես կոչված «կոնվեկտիվ հրդեհի»՝ բնական երևույթի, որը առաջացնում է քամու հոսանքներ, արագացնում է հրդեհի տարածումը և կարող է հանկարծակի փոխել ուղղությունը։

Փրկարարներից բացի, իշխանությունները հրդեհների վերացման գործում ներգրավել են ավելի քան 500 զինծառայողի: Շուտով նրանց կմիանա ևս 500 զինվորական՝ հայտնել է Ֆրանսիայի վարչապետը:

Իսպանիայում հրդեհներն արդեն ոչնչացրել են 130000 հեկտար անտառ, հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Ըստ նրա՝ շաբաթ օրը եղանակային պայմանների բարելավումը հրշեջների համար «հնարավորության պատուհան» է ստեղծել` իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար, սակայն դրա զարգացումը մնում է անկանխատեսելի։ Իսպանիայի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մադրիդից արևմուտք գտնվող գյուղերից ընդհանուր առմամբ 70000 մարդ է տարհանվել։

Նշվում է, որ հրդեհաշիջման աշխատանքներին օգնում են նաև եվրոպական մյուս երկրները՝ Իտալիան, Հունաստանը, Նիդերլանդները, Պորտուգալիան, Խորվաթիան, Չեխիան և Սլովակիան։

  • Կիսվել: