հինգշաբթի, նոյեմբեր 26
26 / 11 / 2026
Կարևոր է, որ պետական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վրա․ ՄԻՊ

Կարևոր է, որ պետական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վրա․ ՄԻՊ

Նոյեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բացման խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում մարդու սոցիալական իրավունքների ամրապնդում» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը, որը կրում էր «Սոցիալական իրավունքների զարգացումը Հայաստանում՝ գործընկերության և գործողությունների միջոցով» խորագիրը։

Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և ՀՀ ԱԺ աշխատանքի և բարեկեցության մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանը։ Միջոցառումը վարել է Եվրոպայի խորհրդի սոցիալական իրավունքների վարչության համագործակցության բաժնի ղեկավար Մարգարիտա Գալստյանը։

Միջոցառման նպատակն է եղել ամփոփել ծրագրի արդյունքները, գնահատել սոցիալական իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ իրականացված աշխատանքները, քննարկել առկա մարտահրավերներն ու հետագա համագործակցության առաջնահերթությունները։

Բացման խոսքում Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել ՄԻՊ հաստատության և Եվրոպայի խորհրդի գործընկերությունը մի շարք ուղղություններով, այդ թվում՝ սոցիալական իրավունքների ամրապնդման բնագավառում։ Նա ընդգծել է, որ սոցիալական իրավունքների արդյունավետ իրացումը մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մասն է և կարևոր նշանակություն ունի արժանապատիվ կյանքի, հասարակական համերաշխության ու ժողովրդավարական պետության կայուն զարգացման համար։

«Սոցիալական իրավունքների պաշտպանությունը չի կարող սահմանափակվել միայն համապատասխան իրավական երաշխիքների ամրագրմամբ։ Կարևոր է ապահովել այդ իրավունքների գործնական իրացման իրական հնարավորություններ՝ յուրաքանչյուր անձի համար հասանելի դարձնելով սոցիալական պաշտպանության, աշխատանքի, բնակարանային ապահովության, կրթության և այլ ոլորտներում անհրաժեշտ երաշխիքները։ Ընդ որում՝ հատկապես կարևոր է, որ պետական քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները հիմնված լինեն մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների վրա և հաշվի առնեն առավել խոցելի իրավիճակում գտնվող անձանց կարիքները»,– ընդգծել է Անահիտ Մանասյանը։

Անդրադառնալով Եվրոպական սոցիալական խարտիայի նշանակությանը՝ Պաշտպանը կարևորել է դրա չափանիշների հետևողական կիրառումը, համապատասխան պարտավորությունների վավերացման գործընթացների իրականացումը, միջազգային պարտավորությունների պատշաճ արտացոլումը ներպետական օրենսդրության մեջ և դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ ու գործնական մեխանիզմների զարգացումը։

Անահիտ Մանասյանն առանձնացրել է բնակարանային ապահովության, աշխատանքային և արհմիութենական իրավունքների պաշտպանության, աշխատանքի անվտանգության ու առողջության պահպանման, ինչպես նաև աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման հարցերը։ Պաշտպանը հատուկ ուշադրություն է հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի, մասնագիտական կրթության, ուսուցման և աշխատաշուկայի հասանելիության, ինչպես նաև տարեցների սոցիալական երաշխիքների ապահովման վրա։ Նա կարևորել է առկա խոչընդոտների վերացումը, հավասար հնարավորությունների ստեղծումը և հասարակական կյանքին անձանց լիարժեք մասնակցությունը։

Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում համակարգային առաջընթացի համար անհրաժեշտ է պետական մարմինների, գործատուների, աշխատողների կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետևողական համագործակցությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման համար անհրաժեշտ է, որ որոշումների մշակման և իրականացման գործընթացներում ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ առավել կարևոր՝ այն անձինք և խմբերը, որոնց իրավունքներին անմիջականորեն առնչվում են այդ որոշումները։ Նրանց կարիքների, խնդիրների և առաջարկությունների պատշաճ հաշվառումն անհրաժեշտ նախապայման է հասցեական և արդյունավետ լուծումներ գտնելու համար»,– նշել է Անահիտ Մանասյանը։

Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեի փոխնախագահ Տատյանա Պույուն ներկայացրել է Եվրոպական սոցիալական խարտիայի դերը ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման գործում։ Ներկայացվել են նաև ծրագրի հիմնական արդյունքները, այդ թվում՝ ազգային օրենսդրությունը Խարտիային և եվրոպական այլ չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ոլորտում ներգրավված պետական և ոչ պետական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։

«Ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում՝ ազգային օրենսդրությունը Եվրոպական սոցիալական խարտիային և եվրոպական այլ համապատասխան չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով» թեմայով քննարկմանը որպես բանախոս մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Սյուզաննա Սարգսյանը։

Քննարկումներն ընդգրկել են սոցիալական բնակարանային ապահովության, առողջապահության, արհմիությունների իրավունքների, ներառական մասնագիտական կրթության և ուսուցման, փախստականների ու բռնի տեղահանված անձանց պաշտպանության, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական և տնտեսական ներառման, ինչպես նաև աշխատավայրում բռնության և ոտնձգությունների կանխարգելման հարցերը։

Առանձին անդրադարձ է կատարվել գործատուների, աշխատողների կազմակերպությունների և տեսչական մարմինների համագործակցությանը՝ աշխատողների իրավունքներն ու անվտանգ աշխատանքային պայմաններն ապահովելու համար, ինչպես նաև Խարտիայի վերահսկման ընթացակարգերում երրորդ կողմի կազմակերպությունների դերին և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնմանը։

Ամփոփիչ միջոցառմանը մասնակցել են պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, գործատուների և աշխատողների կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Քննարկումների և ներկայացված առաջարկությունների հիման վրա նախանշվել են հետագա աշխատանքի առաջնահերթությունները, ծրագրի արդյունքների շարունակականությունն ապահովելու և համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները։

  • Կիսվել: