երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին

Թաներ Աքչամը Լիտվայում խոսել է Հայոց ցեղասպանության նկատմամբ Թուրքիայի վարած ժխտողական քաղաքականության մասին

Լիտվայի գիտությունների ակադեմիայիում Լիտվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և կազմակերպմամբ տեղի է ունեցել թուրք հայտնի պատմաբան, ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարքի համալսարանի պատմության դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի (Taner Akçam) և Նյու Յորքի Մանհեթթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի (Siobhan Nash-Marshall) դասախոսությունները՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը, Լիտվայի գիտությունների ակադեմիայի անդամ, պատմաբան Էգիդիյուս Ալեքսանդրյավիչիուսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Լիտվայում ՀՀ դեսպանությունից։

Ցեղասպանության զոհերի հիշատակի և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա համատեքստում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական գործիչներ, մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դասախոսությունների ընթացքում Թ․ Աքչամը ներկայացրել է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության դրսևորումները, հիմնական թեզերը, խոսել  իր վերջին՝ «Սպանության հրամաններ» գրքում ցեղասպանությունն իրագործած պարագլուխների և նրանց կողմից ուղարկված գաղտնի հեռագրերի վերծանման մասին։ Աքչամը նշել է, որ թուրքական ժխտողականության զինանոցում գտնվող այն պնդումները, թե կեղծիք են Թալեաթ փաշայի հեռագրերը, որոնք հրապարակվել են Արամ Անտոնյանի միջոցով, այլևս չեն դիմանում քննադատության, քանի որ անհերքելի ապացույցներ են ներկայացվել դրանց փաստացիության վերաբերյալ։

Շվոն Նաշ-Մարշալն իր հերթին նշել է, որ ժխտողականությունը Թուրքիայում դրված է օրենդրական հիմքի վրա, ինչն անհնար է դարձնում հաշտեցման և սեփական պատմության հետ առերեսման ցանկացած փորձ։

Միջոցառմանը եզրափակիչ խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով շնորհակալություն հայտնելով բանախոսներին իրենց դասախոսությունների համար, ներկայացրել է օրվա խորհուրդը, միջազգային ասպարեզում Հայաստանի գործադրած ջանքերը ցեղասպանության զոհերի հիշատակման և նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ։

Դեսպան Մկրտչյանը հավելել է, որ ժխտողականության դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը իրազեկվածության բարձրացումն է, քանի որ ժխտողականության առաջին զոհը ճշմարտությունն է, և ժխտողականության ցանկացած դրսևորում պետք է արժանի հակահարված ստանա։ Եզրափակելով իր խոսքը՝ Տ․ Մկրտչյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ուղղված միջոցառումները մշտական բնույթ են կրելու։

 

  • Կիսվել: