շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Մինսկն աջակցում է «օսերի, աբխազների և վրացիների խաղաղ համակեցությանը». Լուկաշենկո

Մինսկն աջակցում է «օսերի, աբխազների և վրացիների խաղաղ համակեցությանը». Լուկաշենկո

Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանում իր դեսպան Նիկոլայ Ռոգաշուկին նշանակելիս հայտարարել է, որ Մինսկն աջակցում է «օսերի, աբխազների և վրացիների խաղաղ համակեցությանը», գրում է aliq.ge-ն:

Ռոգաշուկը նախկինում զբաղեցնում էր Լուկաշենկոյի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուս-Վրաստան հարաբերությունները «դեպի լավն են գնում»:

«Ես շատ ուրախ եմ, որ սա տեղի է ունեցել։ Վրացիները մեզ շատ լավ են վերաբերվում, նրանք բարձր են գնահատում մեր ժողովրդին, և մենք երկրի ղեկավարության հետ ունենք գրեթե նորմալ հարաբերություններ։ Նրանց ուղեղը լվացել են՝ մեզ հակառակորդներ, մրցակիցներ և գրեթե թշնամիներ համարելով։ Մենք երբեք վրաց ժողովրդի հակառակորդներ չենք եղել, մենք աջակցում ենք, որ և՛ օսերը, և՛ աբխազները խաղաղ ապրեն վրացիների հետ։ Ինչ ձևով կլինի դա, կձևավորվեն միասին մեկ պետությունում, դաշնային կամ այլ կերպ, սա իրենց գործն է, մենք չենք միջամտում։ Դա պետք է արվի այնպես, ինչպես լավագույնն է ժողովրդի համար, սա մեր դիրքորոշումն է», — ասել է Լուկաշենկոն։

Բելառուսը պաշտոնապես չի ճանաչել Վրաստանի երկու օկուպացված շրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալիի անկախությունը, չնայած Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է օկուպացված Աբխազիա, ինչը Թբիլիսիին ստիպել է մեղադրել նրան «Օկուպացիայի մասին օրենքը» խախտելու համար։

Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցումից և Միխեիլ Կղավելաշվիլիի՝ «Վրացական երազանք»-ի խորհրդարանական աջակցությամբ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Մինսկի և Թբիլիսիի միջև հարաբերությունները որոշ չափով բարելավվել են։

Անցյալ տարվա վերջին Լուկաշենկոն շնորհավորել է Կղավելաշվիլիին նախագահ ընտրվելու կապակցությամբ, իսկ Կղավելաշվիլին՝ Լուկաշենկոյին այս տարվա փետրվարին Բելառուսի նախագահական ընտրություններում տարած յոթերորդ անընդմեջ հաղթանակի կապակցությամբ։

  • Կիսվել: