շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

«Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողով Երևանում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի շահագրգիռ գերատեսչությունների և Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Երեխաների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը՝ քննարկելու արտակարգ և հետճգնաժամային իրավիճակներում երեխաների պաշտպանության մեխանիզմները:
 
Հանդիպմանը մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ երեխաների իրավունքների հարցերով ղեկավար կոմիտեի անդամ Պանայոտա Մարգարոնին։
 
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով` երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող վերափոխման գործընթացում մեծ կարևորություն ունի պետության և մասնավոր հատվածի ջանքերի մեկտեղումը՝ հնարավորություն տալով իրականացնել լայնածավալ փոփոխություններ՝ հանուն յուրաքանչյուր երեխայի իրավունքների լիարժեք իրացման։ Անդրադառնալով վերջին օրենսդրական փոփոխություններին՝ նշել է, որ երեխաների պաշտպանության նոր համակարգը հիմնված է գիտակցության փոփոխության վրա․ Հայաստանի Հանրապետությունում ապրող յուրաքանչյուր երեխա պետք է լինի պաշտպանված։
 
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել նաև պանելային քննարկումներ․ բանախոսները անդրադարձել են երեխաների պաշտպանության ոլորտում հետճգնաժամային մարտահրավերներին, ձեռնարկված քայլերին, երեխաների առողջության պահպանմանը, հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ջանքերի համակարգմանը, քաղհասարակության կողմից իրագործված նախաձեռնություններին։
 
Մասնակիցները կարծիքներ են փոխանակել բազմակողմ համագործակցության ամրապնդման, պետության և քաղհասարակության միջև համակարգային ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, եվրոպական չափանիշներին համապատասխան երեխաների պաշտպանության ինտեգրված համակարգի ստեղծման և այլ հարցերի շուրջ։
 

  • Կիսվել: