շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ն և Թուրքիան պետք է լեզու գտնեն միմյանց հետ և զարգացնեն նոր ճանապարհային քարտեզ Սիրիայի համար. Աքչամ

ՌԴ-ն և Թուրքիան պետք է լեզու գտնեն միմյանց հետ և զարգացնեն նոր ճանապարհային քարտեզ Սիրիայի համար. Աքչամ

Իմ խորհուրդն է Թուրքիային և Ռուսաստանին գտնել ընդհանուր լեզու: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը` խոսելով ռուս-թուրքական հարաբերություններում վերջին շրջանում մեծացող լարվածության և Իդլիբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: «Դա է միակ լուծումը»,- ասաց նա:

Թաներ Աքչամի խոսքով` թվում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակելու են իրենց` լարվածության տանող գործողությունները, բայց, ըստ նրա, դա չի աշխատելու:

«Ռուսաստանի ռազմավարությունը, որը հիմնված է հետևյալ մտքի վրա, որ Իդլիբում ահաբեկիչներ են, և խնդիրը կարող է լուծել միայն նրանց ռմբակոծելով, չի կարող և չի աշխատելու: Նույնը նաև Թուրքիայի դեպքում է: Այս իսկ պատճառով ես կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան պետք է ընդհանուր հայտարարի գան, լեզու գտնեն միմյանց հետ և զարգացնեն նոր ճանապարհային քարտեզ Սիրիայի համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի երեկոյան թուրքական բանակը սկսել է ցամաքային և օդային հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերի ուղղությամբ: «Россия-24» հեռուստաալիքը հայտնել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացել սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները:

Թուրքիայի Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դողանը երեկ հայտարարել է, որ Սիրիայի կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով թուրքական զինված ուժերը 33 զոհ և 32 վիրավոր ունի: Իրավիճակն Իդլիբում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

  • Կիսվել: