կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Անկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել

Անկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել

Բրյուսելում և Լիեժում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բողոքի փողոցային ակցիաների մասնակիցների միջև տեղեկացնում է Belga գործակալությունը։

Նշվում է, որ Բելգիայի մայրաքաղաքում ցուցարարները ջարդուփշուր են արել շենքերն ու գույքը, հրկիզել աղբի պարկերը և շրջել մեքենաները։ Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցաններ, մի քանի մարդ բերման է ենթարկվել, կան տուժածներ:

Մասնավորապես՝ Բրյուսելի Մարոլեն թաղամասում անկարգությունների մասնակիցները վնասել են շենքերն ու գույքը Լեմոնյե բուլվարում և Ստալինգրադի պողոտայում։ Մասնավորապես, հարձակման է ենթարկվել Բելգիայի Սոցիալիստական կուսակցության բրյուսելյան բաժանմունքի շտաբ-բնակարանը․ շենքի ապակիները կոտրվել են։ Ցուցարարները նաև հրկիզել են մի քանի աղբի պարկ, վնասել շինարարական սարքավորումներ և շրջել քարշերինգի ծառայության մի մեքենա։

Ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և իրականացրել ամբոխը ցրելու մի քանի գործողություն։ Belga-ի տվյալներով՝ իրավապահներն արդեն մի քանի հոգու բերման են ենթարկել։ Անկարգությունների մասնակիցների մեջ շատ անչափահասներ են եղել, նրանցից ոմանք, ենթադրաբար, դեռևս 12 տարին չեն լրացրել։

Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ ցուցարարների և երիտասարդների բազմամարդ խումբը հավաքվել է Բրյուսելի կենտրոնում գտնվող Բորսայի հրապարակում՝ ոստիկանության դեմ կարգախոսներ վանկարկելով։ Ժամը 17:00-ից ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև բախումները բազմիցս կրկնվել են։ Ոստիկանները մի քանի անգամ կիրառել են ջրցաններ և արցունքաբեր գազ, իսկ քաղաքացիական հագուստով աշխատակիցներն ամբոխից դուրս են բերել անկարգությունների ենթադրյալ հրահրողներին։ Բերման ենթարկելու գործողություններն ուղեկցվել են դժվարություններով։ Հաղորդվում է մի քանի տուժածի մասին։

Լիեժում ոստիկանությունը շրջափակել է ավելի քան 30 ցուցարարի Սեն-Լամբեր հրապարակում՝ համանուն առևտրային սրահի մուտքի մոտ։ Հավաքվածներին ցրելու համար օգտագործվել է ջրցան։ Մոտակայքում գտնվող մարդիկ վանկարկել են․ «Ազատ արձակեք մեր ընկերներին»։

Նշենք, որ մի քանի օր շարունակվող ցույցերին մասնակցող ուսանողներն ու աշակերտները մասնավորապես բողոքում են բուհերում ուսման վարձի թանկացման, ծանրաբեռնված դասացուցակների և դասասենյակների գերծանրաբեռնված լինելու դեմ։

  • Կիսվել: