կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նարեկ Մկրտչյանն այցելել է Գավառի մանկատուն

Նարեկ Մկրտչյանն այցելել է Գավառի մանկատուն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր Գեղարքունիք կատարած այցի շրջանակում եղել է նաև Գավառի մանկատանը։ Տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի ուղեկցությամբ նախարարն ու մարզպետ Գնել Սանոսյանը շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել հաստատության պայմաններին, զրուցել մանկատան սաների հետ՝ վերջիններիս հետաքրքրությունների, կրթության իրավունքի իրացման, ապագայի ծրագրերի և այլնի մասին։

Այցի շրջանակում տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը, որն օրեր անց ավարտում է իր պաշտոնավարումը՝ որպես հաստատության տնօրեն, Նարեկ Մկրտչյանի կողմից երկարամյա, բարեխիղճ ու նվիրված աշխատանքի համար պարգևատրվել է հուշամեդալով։ Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ Նալբանդյանն իր մասնագիտական գիտելիքներն ու տարիների ընթացքում ձեռքբերած հմտությունները կշարունակի իրացնել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում:

«Սաների ժպիտներն ու սերը Ձեր հանդեպ՝ նվիրված աշխատանքի և հոգատարության արդյունք են. hայտնում եմ իմ խորին շնորհակալությունը Ձեզ՝ որպես ՀՀ քաղաքացի, որպես սոցիալական պաշտպանության ոլորտի պատասխանատու։ Սրտացավ ու հոգատար աշխատանք եք տարել՝ հարյուրավոր երեխաների համար ապահովելով երջանիկ ու ապահով մանկություն»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Այցի շրջանակում քննարկվել է նաև ՊՈԱԿ-ի պայմանների բարելավմանն ուղղված հնարավորությունները, երեխաների համար առավել նպաստավոր միջավայրի ստեղծման հեռանկարները։

  • Կիսվել: