չորեքշաբթի, ապրիլ 9
9 / 4 / 2025
Ավանեսյանն ու Մկրտչյանը հանդիպել են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ

Ավանեսյանն ու Մկրտչյանը հանդիպել են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների հետ

Առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող երեխաների ծնողների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ ընդունել է մի խումբ ծնողների:

Հանդիպմանը ներկա է եղել նաև առողջապահության նախարարության մանկական էնդոկրինոլոգիայի գծով խորհրդատու Ելենա Աղաջանովան:

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է շաքարային դիաբետի կառավարման արդյունավետությանն ուղղված աշխատանքները:

Նախարարը նշել է, որ 2026 թվականի բյուջեով նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաներին անվճար հատկացնել գլյուկոզայի շարունակական մոնիտորինգի սարքը:

«Սա իսկական հաղթանակ է, երբ խոսում ենք, որ դիաբետ ունեցող մինչև 18 տարեկաններին պետք է տրամադրենք սենսորներ: Ըստ էության` սա միակ բանն է, որ դեռևս արված չէ դիաբետ ունեցող երեխաների համար»,- նշել է Ելենա Աղաջանովան:

Մինչև 18 տարեկան դիաբետ ունեցող երեխաների բուժման ամբողջ շղթան` դեղերի ու թեստային երիզների տրամադրումից մինչև, անհրաժեշտության դեպքում, ստացիոնար բուժում, ապահովվում է պետական պատվերի միջոցով:

2025 թվականի երկրորդ կիսամյակից մեկնարկելու է 18-28 տարեկան շահառուներին թեստ-երիզների և չափիչ սարքերի անվճար տրամադրման ծրագիրը:

Նախարարները ծնողներին առաջարկել են, մինչև հաջորդ հանդիպումը, երկու գերատեսչություններին գրավոր ներկայացնեն բոլոր առաջարկները:

  • Կիսվել: