կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կրոնը պետք է կանգնի անարդարության և պատերազմ հրահրելու դեմ. Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հռոմի նոր պապին

Կրոնը պետք է կանգնի անարդարության և պատերազմ հրահրելու դեմ. Իրանի ԱԳ նախարարը շնորհավորել է Հռոմի նոր պապին

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին իր ուղերձում շնորհավորել է Հռոմի պապ Լևոն XIV-ի՝ որպես աշխարհի կաթոլիկների նոր առաջնորդի ընտրության կապակցությամբ և հույս հայտնել, որ այս ընտրությունը քայլ կլինի արդարության, խաղաղության և մարդկային արժանապատվության ամրապնդման ուղղությամբ, գրում է parstoday.ir-ը:

Նոր պապը Չիկագոյից 69-ամյա կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստն է, որը համարվում է առաջին ծագումով ամերիկացի կաթոլիկ առաջնորդը։ Նա փոխարինեց հանգուցյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսին և ստացավ Լևոն XIV տիտղոսը։

Իր ուղերձում Արաղչին անդրադարձել է համաշխարհային դժվարին պայմաններին, այդ թվում՝ աղքատությանը, անհավասարությանը, բռնությանը և անարդարությանը, և կարևոր է համարել կրոնների ու կրոնական ուսմունքների դերը բարոյական և մարդկային արժեքների պաշտպանության գործում։

Նա նաև ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունը ամրապնդելու հարաբերությունները Վատիկանի հետ, խթանելու միջկրոնական երկխոսությունը և համագործակցելու բռնության, պատերազմ հրահրելու և անարդարության դեմ պայքարում, և կարևոր է համարել նոր Պապի դերը աշխարհում հանդուրժողականության և հոգևորի խթանման գործում։

  • Կիսվել: