ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մենք պետք է այստեղ ապրենք, որովհետև մեր հետևում մեր զինվորներն են կանգնած. Սոթքի համայնքապետը լիահույս է` թշնամու ոտնձգությունները չեն կոտրի սոթքեցիների հայրենիքում ապրելու կամքը 

Մենք պետք է այստեղ ապրենք, որովհետև մեր հետևում մեր զինվորներն են կանգնած. Սոթքի համայնքապետը լիահույս է` թշնամու ոտնձգությունները չեն կոտրի սոթքեցիների հայրենիքում ապրելու կամքը 

Սեպտեմբերի 13-ի ուղիղ կես գիշերին տեղի ունեցած ինտենսիվ հրետոկածության հետեւանքով Սոթքի բնակելի տներիի մեծ մասը վերածվել է ավերակների: Իսկ որոնք հիմնովին չեն քանդվել` կիսավթարային վիճակում են:

Տեղի համայնքապետարանի աշխատակիցների խոսքով հրետակոծությունը տեւել է 3-4 ժամ: Ասում են` փառք Աստծո, արագ կարողացել են բնակչությանը տեղափոխել ապաստարաններ եւ ապահով տարածքներ:

Քաղաքացիական բնակչությունից տուժածներ չկան, սակայն այս պահին Սոթքում մնացել են եզակի թվով բնակիչներ, որոնք լրագրողներիս հորդորեցին արագ իրականացնել մեր աշխատանքը, քանի որ ԱԹՍ-ներ են պտտվում երկնքում: Կա մտավախություն, որ մարդկային կուտակումներ տեսնելուն պես` թշնամին կարող է դիմել նորանոր սադրանքների:

Թեեւ շատերի տներն այլեւս բնակվելու համար պիտանի չեն, Սոթքի բնակչությունը հաստատակամ է, որ չի լքելու համայնքը:

«Թող հույս չունեն, որ հեռանալու ենք մեր տներից: Թշնամու երազանքն իր փորն է մնալու», –ասաց տեղի բնակիչներից մեկը՝ Վոլոդյան, ով համայնք էր վերադարձել անասուններին կերակրելու համար։ Հարցին, թե որտե՞ղ է ապաստան գտել ընտանիքը ասաց․ «Ընտանքս Վարդենիսում է բարեկամի տանը, ես մեքենայի մեջ եմ քնում-արթանանում, տանը, եթե իհարկե այդ ավերակները կարելի է տուն համարել, այլեւս ոչ մի հարմարություն չկա»:

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում ադրբեջանական հրետակոծության արդյունքում 3 քաղաքացիական անձ է վիրավորվել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Սոթքում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանը` հավելելով, որ նրանք վիրավորվել են տարհանման ժամանակ, համայնքում զոհեր, բարեբախտաբար, չկան։

Սևակ Խաչատրյանը դժվարացավ պատասխանել, թե որքան է տուժել համայնքը, ասաց` վնասի չափը դեռ ճշտվում է։ Համայնքապետի խոսքերով, տեղահանվածների հիմնական մասը այս պահին գտնվում են Վարդենիսի եւ Մարտունու մերձակա տարածքներում․ «Մարզային իշխանությունները հոգացել են յուրաքանչյուրի ապահովության մասին, բոլորին առաջարկել ենք տարածք, որտեղ կարող են մնալ, ուղղակի կարող է Մարտունին հեռու է, չեն ուզում գնալ, որովհետև էստեղ անասուն ունեն։ Իսկ Վարդենիսում բոլորին չենք կարողացել տեղավորել։ Բայց ունենք տեղեր Մարտունիում, Երևանում։ Դժվար է, բայց մի քանի օրից էլի կվերադառնանք մեր գյուղ, ադրբեջանցու երազանքն է, որ թողնենք գնանք, բայց մենք մեր գյուղից չենք հեռանալու։ Էս էլ կհաղթահարենք։ Այս պահին կանայք և երեխաները դեռ գյուղում  չեն, իսկ տղամարդիկ գալիս են իրենց կովերին կերակրում են և գնում են։ Հիմնական մասը արդեն վերադառնում է։ Այս պահին ընտանիքներ ունենք, որ գիշերները մնում են գյուղում։ Գյուղում այս պահին էլեկտրաէներգիա չկա, բայց վաղվանից էլեկտրամատակարարման աշխատանքներները կմեկնարկեն»:

Infoport.am-ի թղթակցիհարցի հարցին, թե որքա՞ն է ապահով գյուղում գիշերելը՝ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե խոսքը թուրքի մասին է, որևէ երաշխիք չկա։ Բայց նաև մեր երաշխիքն այն է, որ մենք պետք է այստեղ ապրենք, որովհետև մեր հետևում մեր զինվորներ են կանգնած։ Եթե մենք Սոթքում չապրենք, ինչի՞ համար են մեր տղաները այնտեղ կանգնած»։

Մեզ հնարավորություն ընձեռնվեց զրուցել նաեւ Սոթքի բնակիչների հետ, ովքեր ներկայացրեցին, թե ինչպես սկսվեց ինտեսիվ կրակահերթը։ «Ադեն քնել էինք, ամուսինս արթնացրեց, ասեց` հելի՛, պատերազմ ա սկսել , պրծի՛, մամային արթնացրու։ Սկեսուրիս կանչում եմ` մա՛մ հելի՛, թուրքերը եկան, գնդակոծում են։ Ասում ա` ի՞նչ ա եղել, ի՞նչ թուրք, ի՞նչ բան։ Ասում եմ` պրծի՛, հելի՛, դուրս ենք գալիս»,– պատմում է տիկին Լենան, հիշելով, թե ինչպես են մի կերպ տանից դուրս եկել ու հասել ապահով տեղ։ Երբ կրակոցների ինտենսիվությունը մի փոքր թուլացել է` նրանք լքել են գյուղը։

81– ամյա Գրետա տատիկը եւս քնած է եղել, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել ՀՀ սահմանների ուղությամբ։ Նա արթնացել է հարսի բղավոցից։

«Պառավոզի մուխի նման եկավ մի բան ու գնաց։ Օկազիվայետսյա, էտ դըմբդըմբոցը իմ տուն ա ընկել, կրակում են։ Տղես տարավ ինձ դպրոցի հետևը, գնաց ավտոն բերեց ու մի արագությամբ, հազիվ հասել ենք ռայոն»։

Մեր նկարահանումների ժամանակ համայնքում էր նաեւ համայնքի նախկին ղեկավար Ավետյանը, ով ներկայացնելով կատարվածը ասաց, որ թշնամու հրետակոծության հիմնական թիրախը եղել է հենց խաղաղ բնակչությունը․ «Դրա վառ ապացույցը ավերված տներն են, գյուղի 60 տոկոսը հողին է հավասարվել։ Վնասվել է համայնքապետարանի շենքը, գազատարը, փոքրիկ կամուրջը, դե տների մասին էլ չեմ ասում, ինքներդ եք տեսնում»...

 

  • Կիսվել: