շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ողբերգական դեպք Սյունիքում գործող «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքում. 27-ամյա աշխատակիցը հիվանդանոցում մահացել է

Ողբերգական դեպք Սյունիքում գործող «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքում. 27-ամյա աշխատակիցը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան քաղաքի «Աժդանակ» ՍՊԸ, որտեղից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխել մի քաղաքացու, ով վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Ա. Գևորգյանը և ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պետ Կարեն Հովսեփյանը:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:Ոստիկանները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արթուր Դ.-ն է, ով «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածքից դեպի պահեստային մաս ընթանալիս բարձիչ մեքենայով, պահեստի դարպասի մուտքի մոտ կողաշրջվել է, ինչի հետևանքով մնացել է մեքենայի տակ և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով առաջացած մարդու մահ հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: