Կչեղարկվի Էջմիածնում անցկացվելիք «ԱՅՈ» քարոզարշավը․ քաղաքապետ
ՀՀ-ում առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը Առողջապահության նախարարությունն է, իսկ կրթության ոլորտում համապատասխան նախարարությունն է, քաղաքապետարանն ինքն իրենով միջոցառումներ չի կարող ձեռնարկել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
Նա հայտնեց, որ Էջմիածնում մանկապարտեզները եւ դպրոցները չեն փակվի, կփակվի սպորտդպրոցը, կչեղարկվի Էջմիածնում անցկացվելիք «ԱՅՈ» քարոզարշավը։
«Ֆեյսբուքյան գրառմանս տակ գրված մեկնաբանությունները, որոնք մեղադրանանքներ են իրականում մեզ չեն վերաբերում։ Էջմիածնի քաղաքապետարանը պատասխանատու չէ որոշելու՝ արդյոք այդ մարդիկ պետք է տեստավորվեին հենց օդանավակայանում, արդյոք մեկուսացվել են ժամանակին, թե ոչ։ Ես պարզապես կխոսեմ առկա իրավիճակի մասին»,- ասաց քաղաքապետը։
Նա հորդորեց քաղաքացիներին խուճապի չմատնվել եւ հետեւել միայն պաշտոնական տեղեկատվությանը։
«Այս 3 անձի հետ կապված թյուրիմացությունը, որը ստեղծվեց, մի հայտարարության պատճառով էր, որը արել էր բժիշկ։ Այն, որ Էջմիածնում հարսանիքի ժամանակ 3 քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր, ժամանել էր շտապ օգնություն եւ նրանց մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս, դա ծայրից ծայր սուտ է, որովհետեւ ունենք միայն 1 վարակակիր։ Որեւէ մեկը հարսանիքի ժամանակ չի վատացել։ Չի կարելի նման անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել երկրում»։
Նա շեշտեց, որ վարարակիրը տվյալ օրը մասնակցել է նշանադրության արարողության.
«Դեռեւս երեկ երեկոյան ամբողջ շրջանակը. նշանդրեքի մասնակիցների, նրա հետ շփված անձանց հստակեցվել է եւ փոխանցվել է Առողջապահության նախարարություն։ Նախարարությունը նպատակահարմարությունից ելնելով զտել է այն անձանց ցուցակը, որոնք սերտ շփում են ունեցել եւ կարող են պոտենցիալ վտանգի տակ լինել եւ տվյալ անձանց այժմ տեղափոխում են մեկուսացված վայր։ Վայրի մասին հիմա չեմ հայտարարի»։



