հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Համաշխարհային hակադոպինգային գործակալությունը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ-ին շարունակական աջակցության համար

Համաշխարհային hակադոպինգային գործակալությունը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍՆ-ին շարունակական աջակցության համար

ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ շարունակական համագործակցության և ցուցաբերած աջակցության համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհակալագրի են արժանացել գործակալության կողմից:

Հայաստանը 2004 թվականից է անդամակցում Համաշխարհային հակադոպինգային գործակալությանը, ինչը որոշակի ֆինանսական ներդրումներ է ենթադրում:

Այս տարի այն 12488 դոլար է կազմել, որն էլ վճարվել է ԿԳՄՍ նախարարության կողմից:

«Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ WADA-ում ներդրում կատարելու համար: Սպորտում դոպինգի դեմ պայքարում Ձեր ներդրումը նշանակալի դեր ունի, և մենք երախտապարտ ենք Ձեզ գործակալությանը շարունակական նվիրվածության համար»,- ասվում է ԿԳՄՍ նախարարին ուղղված շնորհակալական նամակում:

WADA-ից ընդգծում են՝ իրենք կանոնավոր կապի մեջ են Հայաստանի հակադոպինգային գործակալության, մասնավորապես՝ փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանի հետ, և 2021 թվականի դեկտեմբերին Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային հակադոպինգային կազմակերպության (EERADO) լուծարումից հետո հեշտացրել են Հայաստանի և Հունգարիայի ազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ համագործակցության հաստատումը։

Արեգ Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստանը բավականին բարձր հեղինակություն ունի Համաշխարհային հակադոպինգային գործակալությունում և մշտապես լավ ցուցանիշներ է ապահովում WADA-ի ամենամյա մոնիթորինգներում. «Պայմանավորված այն իրողությամբ, թե երկիրը քանի ներկայացուցիչ է ունենում օլիմպիական խաղերում և աշխարհի առաջնություններում, WADA-ն պահանջ է ներկայացնում՝ տարեկան քանի մարզիկ պետք է թեստավորվի: Եթե դա չի կատարվում, երկիրը կարող է որակազրկվել, ինչպես եղավ Ռուսաստանի պարագայում: Նախորդ տարվա արդյունքներով՝ 11 երկիր չանցավ մոնիթորինգն ու որակազրկվեց: Մենք նման խնդիրներ չենք ունենում, ու կարծում եմ՝ այս տարի էլ չենք ունենա: Առաջիկա մոնիթորինգը նախատեսված է մայիսի վերջին»:

Հայաստանի հակադոպինգային գործակալության փոխտնօրեն Արեգ Հովհաննիսյանն ընդգծում է՝ մենք սովորաբար խնդիրներ ենք ունենում երիտասարդ մարզիկների դեպքում, ու պետք է ավելացնենք նրանց դոպինգ-թեստերի թիվը:

  • Կիսվել: