հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հաստատվել է ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի որակավորման քննությունների կանոնակարգը

Հաստատվել է ԿԳՄՍՆ ենթակայության ՊՈԱԿ-ների ստեղծագործական անձնակազմի որակավորման քննությունների կանոնակարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային  պետական ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի մասնագիտական որակավորման քննությունների անցկացման օրինակելի կանոնակարգը:

ԿԳՍՄՆ-ից հայտնում են, որ Կանոնակարգով սահմանվել են վերոնշյալ կազմակերպությունների ստեղծագործական անձնակազմի ատեստավորում անցկացնելու իրավահարաբերությունները:

Ատեստավորումը ստեղծագործական գործունեության շարունակական կատարելագործման գործընթաց է: Այն նպաստում է խմբերի մասնագիտական ստեղծագործական խնդիրների արդյունավետ լուծմանը, ստեղծագործական անձնակազմի որակական մակարդակի բարձրացմանը և կադրային հոսունության կառավարմանը, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի վարձատրության քաղաքականության իրականացմանը:

Ատեստավորման գործընթացը կազմակերպվում է մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացվող քննությունների միջոցով` ստեղծագործողի պրոֆեսիոնալիզմի, կատարողական վարպետության և բեմական տվյալների օբյեկտիվ գնահատականի հիման վրա:

Կազմակերպության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովը բաղկացած է  առնվազն 7 անդամից: Հանձնաժողովն ի պաշտոնե նախագահում է կազմակերպության գեղարվեստական ղեկավարը (գլխավոր դիրիժորը): Եթե նշյալ կազմակերպությունը գեղարվեստական ղեկավար կամ վերջինիս փոխարինող չունի, ապա հանձնաժողովի նախագահ է նշանակվում  հանձնաժողովի այն անդամը, որը հանդիսանում է տվյալ ոլորտի անվանի արվեստագետ և ունի աշխատանքի երկարամյա փորձ: Ելնելով կազմակերպության ոլորտային ուղղվածությունից՝ հանձնաժողովի անդամներ կարող են հանդիսանալ ստեղծագործական խմբերի ղեկավարները, ոլորտի ճանաչված մասնագետները, ոլորտի մասնագիտացված բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները:

Քննության արդյունքում հանձնաժողովը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

2) ենթակա է ելույթավճարի բարձրացման,

3) ենթակա է ելույթավճարի իջեցման,

4) չի համապատասխանում:

Հանձնաժողովի որոշման հիման վրա կազմակերպության տնօրենը հրամանով հաստատում է աշխատողի ատեստավորման արդյունքը և սահմանում աշխատողի վարձատրության չափը։ Աշխատողի վարձատրությունը ձևավորվում է կազմակերպության հաստիքացուցակով սահմանված աշխատավարձի դրույքաչափից և ելույթավճարից: Ատեստավորման արդյունքների հիման վրա ստեղծագործական անձնակազմի աշխատակցի՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության վերաբերյալ hանձնաժողովի կայացրած որոշման դեպքում կարող է քննարկվել աշխատակցի հետագա ստեղծագործական գործունեության մեջ ընդգրկման հնարավորությունների վերաբերյալ ելույթավճարի խմբի հարցը:

Ելույթավճարները սահմանվում են՝ ըստ ներկայացված թատերահամերգային ծրագրերի, ինչպես նաև ստեղծագործական անձնակազմի արտիստների ներգրավվածության՝ կազմակերպության ֆինանսական հնարավորությունների հիման վրա: Ստեղծագործական անձնակազմի այն աշխատողների դրույքաչափերը, որոնց համար նախատեսված չէ ատեստավորում, սահմանվում են հարցազրույցի հիման վրա՝ հաշվի առնելով նրանց մասնագիտական որակավորումը և աշխատանքի փորձը: Կազմակերպության կողմից հրավիրյալ արվեստագետ (երաժիշտ, մենակատար, դիրիժոր, դերասան, ռեժիսոր և այլ) ներգրավելու պարագայում վերջինիս ելույթավճարը սահմանվում է կողմերի միջև ձեռք բերված գրավոր համաձայնության հիման վրա:

Զբաղեցրած պաշտոնին (հաստիքին) աշխատողի անհամապատասխանության հիմքով կազմակերպության տնօրենը կայացնում է աշխատանքից ազատելու որոշում՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն:

  • Կիսվել: