կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում. ԿԳՄՍՆ

Պետական ֆինանսավորմամբ 18 գիտական կազմակերպություն ձեռք կբերի 41 սարքավորում. ԿԳՄՍՆ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով  հաստատվել է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման մրցույթի շահառուների ցանկը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մրցույթի արդյունքում հայաստանյան 18 պետական գիտական կազմակերպություններ և բուհեր Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ձեռք կբերեն 41 սարք/սարքավորում՝ ընդհանուր 2 միլիարդ 853 միլիոն դրամ արժողությամբ:

Հայտատու կազմակերպությունը հետագայում նաև պետք է Կոմիտե ներկայացնի միջանկյալ և ամփոփիչ հաշվետվություններ սարքի շահագործման, իրականացված աշխատանքների ծավալի, ստացված արդյունքների վերաբերյալ:

Գիտական սարքերի գնման գործընթացը կազմակերպվելու է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից 2024 թվականի պետական բյուջեի միջոցներով՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այնուհետև գնված սարքերը տրամադրելու են հայտ ներկայացրած կազմակերպությանը, սակայն վերջինիս կողմից մշակվելիք ընթացակարգերով հասանելի են դառնալու հայտում ընդգրկված բոլոր շահագրգիռ կազմակերպություններին՝ համատեղ օգտագործման համար:

Սարքերի գնման համար ներկայացված հայտերը գնահատելիս հաշվի են առնվել ոչ միայն գիտական գործունեության համար սարքերի անհրաժեշտությունը, այլև շահագրգիր կազմակերպությունների հիմնավորումները և համատեղ օգտագործման մեխանիզմները, շահագործման ծախսերը և հնարավոր եկամուտները, կազմակերպությունում սարքի/սարքավորման հետ աշխատանքի փորձ ունեցող մասնագետների առկայությունը և այլն:

  • Կիսվել: