ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Նախատեսվում է ՍԴ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար դիմել ԱԺ-ին. Բադասյան

Նախատեսվում է ՍԴ դատավորի նկատմամբ վարույթ հարուցելու համար դիմել ԱԺ-ին. Բադասյան

ՀՀ Ազգային ժողովում ընթանում են «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկում» թեմայով հրավիրած խորհրդարանական լսումները:

ՀՀ կառավարության հեղինակած օրենքի նախագծով առաջարկվում է դատավորի թեկնածուի հարցազրույցի ընթացքում հաշվի առնել ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին։

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով օրենսգրքի հիմնական դրույթները, նշեց, որ նախարար նշանակվելուց հետո ձեռնամուխ է եղել Դատաիրավական և Հակակոռուպցիոն բարեփոխումների ռազմավարությունների մշակմանը, որոնցում ամրագրվել են խորքային խնդիրներ ոչ միայն դատական, այլև իրավապահ, պետական կառավարման համակարգերում:

«Ես բազմիցս նշել եմ, որ այն խնդիրները, որոնք առկա են դատական համակարգում, ապա նույնությամբ առկա են իրավական համակարգում։ Գործընթացը դատական համակարգից սկսելու որոշումը պայմանավորած է նրանով, որ դատական իշխանությունն է մարդու իրավունքների երաշխավորն ու անկյունաքարային դերակատարը՝ արդարադատության իրականացման ոլորտում»,- ասաց նախարարը։

Ռուստամ Բադասյանը հայտնեց, փաթեթի մշակումն իրականացվել է ներառականության սկզբունքով, ապահովվել է հանրային քննարկումներ՝ տարբեր ձևաչափերով,  բացի այդ, նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն և ստացվել է Վենետիկի հանձնաժողովի իրավական դրական կարծիքը:

Անդրադառնալով փաթեթով առաջարկվող հիմնական կարգավորումներին՝ նախարարն ասաց, որ օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել:

Արդարադատության նախարարը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոխել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը՝ այն դարձնելով 8 անդամից բաղկացած: Նախատեսվում է ստեղծել նաև Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամից:

«Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրները, և մեկ նորամուծություն կա, որ, եթե հայտնաբերվում է նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտում, ապա այդ դեպքով կարող է Գնահատման հանձնաժողովը դիմել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար»,-  ընդգծեց Ռուստամ Բադասյանը:

Օրենքի նախագծով՝ դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են նաև սահմանվել: Հարցազրույցի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվի է առնվելու ինքնավար մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: «Փաթեթը բավական լայն քննարկում է անցել: Միջազգային փորձաքննություն է անցել՝ ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին ու ստացել դրական արձագանք»,- ասաց արդարադատության նախարարը։

Նա նաև նշեց, որ ներդրվել է գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը։ «Գույքի փոփոխությունը եթե ողջամտորեն  չի հիմնավորվում օրինական եկամուտներով  կամ անձի մոտ առկա է չհայտարարագրված կամ կա ոչ ամբողջական հայտարարագված գույք, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դառնում է վարույթ հարուցող մարմին: Իսկ Սահմանադրական դատարանի դատավորների պարագայում այդ կառույցը դիմում է ոչ թե ԲԴԽ, այլ Ազգային ժողով»,- ընդգծեց նա։

 

  • Կիսվել: