Վահրամ Աթանեսյանի պատմագիտական «լիկբեզը» Հրաչյա Արզումանյանին
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանի հոդվածը , որի հրմնական թեզն այն է, որ ներկա փուլի հրամայականը Միացյալ Հայաստանի իրավական հռչակագրումն է:
Իր տեսակետն առավել մատչելի դարձնելու համար հեղինակը վկայակոչում է անցյալ դարասկզբի Լեռնահայաստանի օրինակը, երբ, ինչպես ինքն է ձեւակերպել, Նժդեհը՝ “հանդիպելով Երեւանի դիմադրությանը եւ Սյունիքը Հայաստանին միացնելու նրա ցանկության բացակայությանը, ստիպված էր գնալ Լեռնահայաստանի ստեղծման ճանապարհով, ինչը թույլ տվեց պահել Սյունիքը”:
Ինչպես գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, այստեղ գործ ունենք պատմության, մեղմ ասած, ոչ լիարժեք իմացության հետ: «Բանն այն է, որ Նժդեհը Սյունիքը պահպանել է ավելի վաղ՝ ի հակակշիռ ռուս-հայկական զինադադարի մասին համաձայնագրի, որով Սյունիքը ճանաչվում էր ռուսական զորքերի կողմից «ժամանակավորապես օկուպացված»՝ Նախիջեւանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ:
Բոլշեւիկյան եւ ադրբեջանական զինված ուժերի դեմ Նժդեհը պատերազմել եւ հաղթել է 1920թ. ամռանը-վաղ աշնանը, իսկ Լեռնահայաստանը հռչակվել է նույն տարվա դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանում իշխանությունը բոլշեւիկներին անցնելուց երեք օր հետո: Ավելի ուշ Լեռնահայաստանը վերանվել է Հայաստանի հանրապետություն, որի վարչապետ է կարգվել Սիմոն Վրացյանը, ով փետրվարյան ապստամբության պարտությունից հետո Երեւանից հասել էր Սյունիք: Սրանք են պատմական փաստերը:
Քաղաքական առումով Հրաչյա Արզումանյանի զուգահեռը նույնպես քննադատության չի դիմանում: Որքան էլ փառահեղ՝ բոլշեւիկյան զինված ուժերի դեմ Նժդեհի հաղթանակը չէր կարող տեւական լինել: Ցանկության դեպքում Ռուսաստանը կարող էր արյան մեջ խեղդել աշխարհից կտրված, զենքի, զինամթերքի եւ պարենի սուր կարիքի մատնված Լեռնահայաստանը: Մանավանդ որ Երեւանում Ալեքսանդր Մյասնիկյան գլխավորությամբ կազմավորված նոր կառավարության հանդուրժողական քաղաքականության արձագանքները հասել էին Սյունիք եւ գյուղացիության շրջանում ծայր էին առել Նժդեհի դիկտատորական քաղաքականության նկատմամբ զանգվածային դժգոհություններ:
1921թ. գարնանը Նժդեհի կամավորական բանակի մեծ մասը դասալքել եւ անցել էր գյուղատնտեսական աշխատանքների: Սյունիքը Խորհրդային Հայաստանի անբաժանելի մաս ճանաչելու որոշումն աշխարհաքաղաքական էր: Ռուսաստանը, որքան էլ տարված լիներ բոլշեւիզմն Արեւելք արտահանելու ցնորամտությամբ, բարեբախտաբար ուներ պրագմատիկ պետական եւ քաղաքական գործիչներ, որոնք դեմ էին Թուրքիայի եւ Ադրբեջանի մեկ միասնական տարածք կազմելու նկրտումներին:
Չի կարելի սնվել եւ ուրիշներին էլ կերակրել առասպելներով եւ «նոր աշխարհակերտման» նախագծումներով: Հայաստանը պատվով է կատարել պատմական առաքելությունը՝ Արցախն ընդմիշտ ազատագրված է: Իսկ վերջնական կարգավիճակի հարցը կարող է տասնամյակներ տեւել»,- գրել է քաղաքագետը:


