«Օրբանի պարտված զինվոր». Հունգարիայի վարչապետը՝ իր դեմքին գինի լցրած տղամարդու մասին
Անհայտ տղամարդը գինի է լցրել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարի վրա: Կառավարության ղեկավարը միջադեպի մասին ինքն է պատմել՝ կատարվածին հումորով վերաբերվելով և միայն ափսոսանքով, որ լավ խմիչքն անտեղի վատնվել է։
Մադյարը միջադեպի տեսանյութը հրապարակել է Facebook-ում շաբաթ օրը երկրի հարավ-արևմուտքում գտնվող Պեչ քաղաք կատարած այցից հետո, որտեղ հանդիպել էր իր կողմնակիցների հետ։ Բուդապեշտ վերադառնալու ճանապարհին նա կանգ է առել Սեքսարդում՝ խաղողի բերքահավաքի տոնին մասնակցելու համար, իսկ տեղի բնակիչների հրավերով այցելել է ռեստորաններից մեկում անցկացվող միջոցառմանը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես Մադյարի՝ ռեստորանի տերերի հետ զրուցելու ընթացքում տարեց տղամարդը դիտավորյալ իր բաժակի սպիտակ գինին շփում է վարչապետի ուղղությամբ։ Գինին հայտնվել է Մադյարի դեմքին և վերնաշապիկին, սակայն նա փորձել է մեծ ուշադրություն չդարձնել միջադեպին, իսկ տղամարդուն հեռացրել է անվտանգության աշխատակիցը։
«Այս «ջենթլմենը», հավանաբար, խիստ զայրացած էր, որ բոլորն իրենց լավ էին զգում, իսկ մենք շփվում ու լուսանկարվում էինք հարյուրավոր մարդկանց հետ։ Նա համարձակություն չունեցավ մոտենալ և, գուցե, նայել աչքերիս։ Իսկ Սեքսարդի համեղ գինին իզուր վատնվեց»,- Facebook-ում գրել է Մադյարը։
Նա այդ մարդուն հեգնանքով անվանել է «Օրբանի պարտված զինվոր»՝ այդպիսով ակնարկելով, որ տղամարդը նախկին վարչապետ և ընդդիմության անցած «ՖԻԴԵՍ» կուսակցության կողմնակիցներից է։ Մինչ այժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվել Սեքսարդի այդ բնակչի մասին:



